«Եթե միջազգային չափորոշիչներին համապատասխան պետք է անցկացվի, որպեսզի ունենանք նորմալ դատական համակարգ, ես կողմ եմ». Հովհաննես Սահակյան

Հայաստանի դատաիրավական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, և բարեփոխումներն անհրաժեշտ են: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը՝ շեշտելով, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն միջազգային չափանիշերին համապատասխան:

Ըստ նրա՝ դատավորն օրենքներով և ըստ իր ներքին համոզման է կայացնում որևէ վճիռ կամ որոշում, հետևաբար՝ տվյալ անձից է կախված՝ վեթինգի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, ու ճիշտ չէ բոլոր դատավորներին հայտարարել կաշառակերներ, հանցագործներ՝ այնպես, ինչպես ճիշտ չի լինի ասել, որ բոլոր դատավորներն ազնիվ են:

«Այլ հարց է, թե ինչպես է իրականացվում վեթինգը: Եթե միջազգային չափորոշիչներին համապատասխան պետք է անցկացվի, որպեսզի ունենանք նորմալ դատական համակարգ, ես կողմ եմ, բայց նախաբանն արդեն հույս չի ներշնչում՝ գրավել, պաշարել, չթողնել դատավորները մտնեն: Անընդունելի է, որ իշխանության մեկ թևը պետք է ճնշի մյուսին: Այս քաղաքական երանգ տալը, իշխանության տարանջատման սկզբունքին հակառակ՝ մեկ իշխանության կողմից մյուսի նկատմամբ ճնշումը խնդրի առկայության մասին է վկայում, և պետք է նայել, հասկանալ, քննարկել և գնահատական տալ այդ պրոցեսներին: Դրանից հետո պարզ կլինի՝ այդ վեթինգն անում ենք դատական համակարգը բարելավելո՞ւ, առաջ տանելո՞ւ համար, կաշառակեր, ոչ բանիմաց, ներքին կոդեքս չունեցող դատավորների՞ն ենք հանում, թե՞ իմ ու քո ենք անում: Սրանք հարցեր են, որ օդում կախված են»,- ասաց Հ.Սահակյանը:

Նա նշեց, որ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ տարբեր քաղաքական, հասարակական վեկտոր ներկայացնող անձինք էին եկել, իրենց շահն էին ներկայացնում: Սակայն, Հ.Սահակյանի խոսքով, այս դեպքում քաղաքական, կուսակցական, անհատական, հատվածական շահերը պետք է մի կողմ դրվեն. «Պետք է լինի հստակ բանաձև: Ինչպես 1+1=2, այս դեպքում էլ շատ հստակ պետք է լինի, որ տարընթերցումների առիթ չտա, այլապես դառնալու է դատավորների որս, ով մեզ կլսի՝ կմնա, ով ոչ՝ կգնա»:

Սահակյանը նկատեց, որ ավելի բարձրակարգ փորձագետներ կան, որ կարելի էր հրավիրել:

Թե ինչպիսի՞ն պետք է լինի վեթինգ իրականացնող մարմինը, Հ.Սահակյանը նշեց, որ այն պետք է լինի անկախ մարմին, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չհարուցվի այդ մարմնի հանդեպ.

«Դա մի փորձաշրջան է, որ ֆիլտրի միջով ենք անցկացնելու դատավորներին: Ո՞րն է սկզբունքը՝ կապույտ-կանաչ աչքե՞րը, կարդացած գրքե՞րը, աշխարհագրությո՞ւնը: Իրավաբաններ շատ կան, բայց մարդու ներքին որակները, ճկունությունը, պրոֆեսիոնալիզմն է կարևոր: Դատավորները որոշում են մարդկանց ճակատագրերը, դատարանները որոշում են պետության արդարության, հավատի, մակարդակը: Բավականին բարդ պրոցես է, ստարտը բավականին վատ է տրված՝ ռեպրեսիաներ, պրեսինգ և այլն:

Բավականին բարդ խնդիր է, գոնե այս պահին թունելի ծայրի լույսը չեմ տեսնում, թե ինչ միջոցով են իրականացնելու: Եթե բանաձևերը հստակ չլինեն, ապա ինչպես այսօր է օրենսդիր, գործադիր մարմիններում խառնաշփոթ, դատականում էլ խառնաշփոթ կլինի: Հույս ունեմ, որ ամեն ինչ չէ կորած, հանձնաժողովները դեռևս ձևավորված չեն: Մեխանիզմներ պետք է լինեն»:

Տեսանյութեր

Լրահոս