Օրբելյանը դատի է տալիս, Ղարիբյանը՝ նշանակվում
Աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։ Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումը, ինչպես նաև՝ Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 3-ի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։
Փաստորեն, մինչ Օրբելյանը դատական հայց է ներկայացնում, և Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի կոլեկտիվը սպասում է արդար վճռի, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգներն անվերապահ կատարող Նազենի Ղարիբյանը մայիսի 22-ին դառնում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Նազենի Ղարիբյանի անմիջական «տանիքը» ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն (դիջեյ Էդոն) է։
Հիշեցնենք, որ Աղաջանյանն այս մեկ տարվա ընթացքում հասցրել է ճանաչվել որոշ դրվագներով։
Հիշեցնենք, որ կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը ևս դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ՝ նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար: Հայկ Այվազյանի պաշտոնանկության պատճառը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի (դիջեյ Էդո) հետ ունեցած կոնֆլիկտն է եղել: