«Հայկ Սարգսյանի կարծիքն ավելի շատ բժշկական գնահատականի կարիք ունի». Հայկ Ալումյանն արձագանքում է պատգամավորի հայտարարությանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից իրեն ուղղված քննադատություններին՝ նշելով, որ Հ. Ալումյանը մեկ տարի առաջ քննադատում էր նախկին իշխանություններին։
«Հայկ Ալումյանը լինելով Վահան Շիրխանյանի պաշտպանը, որը փաստացի ցուցմունք էր տալիս Ռոբերտ Քոչարյանի դեմ, ընդամենը շատ կարճ ժամանակ եկել ու դարձել է Ռ. Քոչարյանի շահերի պաշտպանը։ Ես իրեն ընդհանրապես մեկնաբանելու խնդիր չունեմ։ Հայկ Ալումյանն այն մարդն է, որն իմ վրա հրազենով հարձակված մարդու շահերն էր պաշտպանում»,- ասել է իշխանական պատգամավորը։
Նա նաև ասել է, որ Հայկ Ալումյանը պետք է իր անունը փոխի, քանի որ այդ անունը կրելով՝ պատիվ չի բերում Հայկ անունը կրող մարդկանց։
168.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանն անդրադառնալով պատգամավորի բնորոշումներին՝ տեղեկացրեց, որ ինքը պաշտպանում է Արթուր Այվազյանի շահերը, որը մեղադրվում է Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
«Համարում եմ, որ այս գործով իրադարձությունները տեղի են ունեցել ճիշտ հակառակ սցենարով, բայց խնդիրը հիմա դրա մեջ չէ։ Ի՞նչ է, Հայկ Սարգսյանը կարծում է, որ, եթե ինքը մի գործով տուժող է հանդիսանում, պետք է որևէ փաստաբան ամբաստանյալին չպաշտպանի՞։ Նրա կարծիքին ես իրավական գնահատական տալ չեմ կարող, այդ կարծիքն ավելի շատ բժշկական գնահատականի կարիք ունի»,- ասաց Հայկ Ալումյանը։
Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանի շահերը պաշտպանելուն, Հ. Ալումյանն ասաց, որ արդեն երրորդ տարին է՝ պաշտպանում է նրա շահերը և շարունակելու է պաշտպանել։
Նա ընդգծեց, որ Վ. Շիրխանյանի և Ռոբերտ Քոչարյանի քրեական գործերը մեկը մյուսին չեն առնչվում, և շահերի բախում գոյություն չունի։
«Հասկանալի է, եթե շահերի բախում լիներ, ապա ոլորտին տեղյակ մարդիկ հասկանում են, թե ինչ քայլեր էի պարտավոր ձեռնարկել։ Բացի այդ, Վահան Շիրխանյանը գիտի, որ պաշտպանում եմ պարոն Քոչարյանի շահերը, և վերջինս գիտի, որ պաշտպանում եմ պարոն Շիրխանյանի շահերը։ Երկուսն էլ դրանում որևէ բացասական բան չեն տեսնում։ Եթե որևէ գործով որևէ պաշտպանյալ բացասական կարծիք է հայտնել, դա ոչ մի կերպ չի անդրադառնում ո՛չ մեկ, ո՛չ մյուս գործով իմ պաշտպանության որակի վրա»,- եզրափակեց Հայկ Ալումյանը։
Զվարթ Խաչատրյան