Եվրոպա լիգայի եզրափակչին չեն մասնակցի նաև հայկական ազգանուն ունեցող եվրոպացիները. BBC
Եվրոպայի լիգայի եզրափակչին չեն մասնակցի նաև հայկական ազգանուն ունեցող եվրոպացիները: Այս մասին հայտնում է BBC-ն: Ադրբեջանը որոշել է վիզա չտրամադրել բոլոր այն մարդկանց, ում ազգանունն ավարտվում է յան-ով:
Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ չեն սահմանափակում մարդկանց մուտքը՝ ռասայական կամ ազգային հիմքի վրա, և պնդում են, որ հայ մարզիկները բազմիցս են ժամանել Բաքու: Այնուամենայնիվ, շատ ֆուտբոլասեր երկրպագուներ չեն կարող մեկնել Եվրոպայի գավաթի եզրափակիչ խաղին՝ իրենց անունների և ազգանունների պատճառով:
BBC-ի տվյալներով՝ խնդիրը միայն ազգանուններում չէ: Մի շարք եվրոպացիներ, որոնց անունները նմանվում են հայկական անուններին, չեն ստացել մուտքի արտոնագիր: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ զանգվածային մերժումներ չկան, և սահմանափակումներ են կիրառվում միայն առանց հատուկ թույլտվության օկուպացված Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) և Ադրբեջանի հարակից շրջաններ այցելող օտարերկրացիների նկատմամբ:
Աղբյուրը որոշակի մանրամասներ է ներկայացնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտից՝ նշելով, որ այն սկսվեց այն ժամանակ, երբ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղը որոշեց դուրս գալ Ադրբեջանի կազմից:
Նշենք, որ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ևս չի մեկնի Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Լոնդոնյան ակումբը և երկրպագուները դժգոհ են նաև, որ երկրպագուներին տրամադրվելու է ընդամենը 6000 տոմս:
«Մենք չափազանց հիասթափված ենք նրանից, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է «Արսենալին» տրամադրել առավելագույնը 6000 տոմս, ավելի քան 60,000 նստատեղ ունեցող մարզադաշտում:
Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք հնարավոր կլինի ապահովել «Արսենալի» 6000 երկրպագուներին մասնակցությունը խաղին՝ հաշվի առնելով ծայրահեղ դժվար ճանապարհորդությունը:
Մենք ունենք 45,000 երկրպագուներ, որոնք ունեն բոլորի խաղերի աբոնեմենտ: Նրանք բաց կթողնեն խաղը, քանի որ ՈՒԵՖԱ-ն որոշել է եզրափակիչն անցկացնել այնպիսի երկրում, որն ունի սահմանափակ տրանսպորտային միջոցներ: Սա պարզապես սխալ է:
Իրականությունն այն է, որ ցանկացած ակումբ, որը կհայտնվեր եզրափակչում, չէր կարողանա բավարարել իր երկրպագուների պահանջը:
Այս թեմայի վերաբերյալ մենք մեր երկրպագուներից շատ բողոքներ ենք ստացել և լիովին կիսում ենք նրանց մտահոգությունները:
Մեր երկրպագուների անունից մենք կցանկանայինք հասկանալ այն չափանիշերը, որոնցով ընտրվում են եզրափակիչ խաղերն անցկացնելու վայրերը, ինչպես նաև, թե ինչպես են երկրպագուների պահանջները հաշվի առնվում այս համատեքստում:
Մենք կոչ ենք անում ՈՒԵՖԱ-ին՝ հաշվի առնել երկրպագուների լոգիստիկան և ցանկությունները հետագայում, երբ կկայացվեն որոշումներ եզրափակիչ վայրերի ընտրության վերաբերյալ, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել այս մրցաշրջանում, անընդունելի է և չպետք է կրկնվի»,-ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Անգլիական մամուլը գրում է, որ Մխիթարյանի և երկրպագուների նկատմամաբ դրսևորած վերաբերմունքի պատճառով, շատ երկրպագուներ պահանջում են բոյկոտել հանդիպումը, որը կկայանա մայիսի 29-ին:
Սիրարփի Աղաբաբյան