
400 լիցենզավորված անձանցից 268-ը չեն ներկայացրել համապատախան փաստաթղթերը

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Գյուրջյանը ներկայացրեց «ՀՀ-ում առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման (բացառությամբ՝ դեղատնային գործունեության լիցենզավորման) վերաբերյալ» ՀՊ ընթացիկ եզրակացությունը:
«Ստուգումները սկսվել են 2017թ. հունվարի 1-ից, բայց դե յուրե և դե ֆակտո պատասխան է տալու այս կառավարությունը, թեև հաշվետվության մեծ մասն իրականացվել է նախորդ կառավարության ժամանակ»,- նկատեց Գյուրջյանը:
Ըստ նրա՝ բժշկական օգնության և սպասարկման իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է: Պարզվել է, որ առանձին բժշկական սարքավորումների համար սահմանված չեն օգտագործման ժամկետներ և հնարավոր այլ չափորոշիչներ, արդյունքում՝ մի իրավիճակ է, որ լիցենզավորվող անձինք կարող են ներկայացնել և օգտագործել ժամանակակից չափորոշիչներին չբավարարող, բարոյապես մաշված, չստուգաչափված սարքեր:
Ըստ նրա՝ լիցենզավորումը թերի է կատարվում, շուրջ 400 լիցենզավորված անձանցից 268-ը չեն ներկայացրել համապատախան փաստաթղթերը, «Արինտերլև» ընկերությունը լիցենզավորվել է՝ առանց փաստաթղթեր ներկայացնելու, անգամ եղել են դեպքեր, երբ լիցենզավորման գործակալության կողմից բացասական եզրակացություն ստացած հայտերի վերաբերյալ լիցենզավորող հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, և հայտատուները լիցենզավորվել են: Հաշվեքննիչ պալատը գտնում է, որ բոլոր հայտատուների համար ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է մշակի լիցենզավորման միասնական կարգ՝ միասնական մոտեցումներով: