Բաժիններ՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը համաձայնագիր կկնքի իտալական Confindustria-ի հետ

Ավստրիայի Կարինեթիայի երկրամասի Ալմդորֆ բնակավայրում մայիսի 17-ին կայացած միջազգային փորձագիտական հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) խորհրդական, տնտեսական գիտությունների թեկնածու Էդուարդ Փանոյանը: Նա ելույթ է ունեցել տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների ու խնդիրների վերաբերյալ զեկույցով, որում առանցքային տեղ է հատկացվել արևմտյան երկրների ընկերությունների առևտրատնտեսական կապերի և ներդրումների համար Հայաստանի նոր դերին ու հնարավորություններին՝ նկատի ունենալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առկայությունը, ինչպես նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀԱԳՄ լրատվական ծառայությունից։

«Էդուարդ Փանոյանը առանձնազրույց ունեցավ միջոցառման հիմնական կազմակերպիչ, Ռուսաստանի Դաշնությունում իտալական «Ինտեզա» բանկի մասնաճյուղի ղեկավար, պրոֆեսոր Անտոնիո Ֆալիկոյի հետ: Քննարկվեցին հայ-իտալական տնտեսական համագործակցության շրջանակներում երկու երկրների ձեռներեցներին միավորող կառույցների միջև պայմանագրային և գործնական կապերի հաստատման ու զարգացման հնարավորությունները:

Ձեռք բերվեցին պայմանավորվածությունները, ըստ որի Էդուարդ Փանոյանը իտալական կողմի հետ համատեղ կպատրաստի ՀԱԳՄ-Confindustria (Confederazione generale dell’industria italiana) միջև համագործակցության համաձայնագրի նախագիծ:

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Իտալիա կմեկնի մասնակցելու Վերոնա քաղաքում կազմակերպվող ամենամյա Եվրասիական տնտեսական ֆորումին, որի շրջանակներում նա կստորագրի ՀԱԳՄ-Confindustria համագործակցության համաձայնագիրը և հանդիպում կունենա իտալական ձեռներեցների ու նրանց համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի ձեռներեցներին հետաքրքրող բնագավառների և համագործակցության առաջարկվող ծրագրերի վերաբերյալ նախապես ինֆորմացիա կուղարկվի իտալական կողմին B2B նպատակային հանդիպումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

«Ինտեզա» բանկը կանցկացնի իր ուսումնասիրությունը Հայաստանի հետ իտալական կողմին և մասնավորապես բանկին հետաքրքրող բնագավառներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս