
ԵՄ-ն գործարկել է եվրոպական սահմանապահ ծառայության արտասահմանյան առաջին առաքելությունը

Եվրամիությունը հայտարարել է, որ Ալբանիա է ուղարկել Եվրոպական սահմանապահ ծառայության եւ առափնյա պահպանության՝ պատմության մեջ առաջին առաքելությունը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Մայիսի 22-ից ալբանացի սահմանապահների եւ Եվրոպական սահմանապահ ծառայության եւ առափնյա պահպանության սպաների համատեղ խմբերը կսկսեն Ալբանիայի եւ Հունաստանի սահմանի համատեղ պարեկումը: Այդ առաքելությունը ձեռնարկվել է ԵՄ-ի արտաքին սահմանների ամրապնդման շրջանակներում՝ մասնակից բոլոր երկրների լիակատար հավանությամբ:
Այն սահմանապահ համագործակցության նոր փուլ է նշանավորում Արեւմտյան Բալկանների պետությունների հետ»«,-նշվում է հայտարարության մեջ: Այդ առաքելության աշխատանքի սկսվելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 22-ին Տիրանայում՝ միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով եվրակոմիսար Դիմիտրի Ավրամոպուլոսի, Ալբանինայի վարչապետ Էդի Ռամայի եւ նրա կաբինետի մի շարք ուժային նախարարների ներկայությամբ:
Սկզբնական փուլում ԵՄ-ի առաքելության կազմում կընդգրկվեն շուրջ 50 եվրոպացի սահմանապահներ՝ Եվրամիության անդամ 12 երկրից: Առաքելության հիմնական նպատակը կդառնա Ալբանիային գործնական ու տեխնիկական օգնության տրամադրումը միգրացիայի եւ մաքսանենգության դեմ պայքարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: