«Երկու պետություն խաղին վերջ տվեք». Պապյանը՝ «Սասնա ծռերի» երթի նպատակի մասին
«Սասնա ծռերն» այս ավտոերթի մասին խոսում էին վաղուց: Սա կոչվում է միասնության ավտոերթ, որովհետև հենց նպատակը 1919 թվականի մայիսի 28-ին Միասնական Հայաստանի հռչակման 100-ամյակի առիթով է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Սասնա ծռեր» կուսակցության կողմից մայիսի 25-28-ը դեպի Արցախ միասնության ավտոերթ նախաձեռնելու մասին՝ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
«Նպատակն է՝ ասել, որ դեռ 100 տարի առաջ հռչակել ենք միասնական Հայաստան, այսինքն՝ երկու պետություն խաղին վերջ տվեք, որովհետև դրա մեջ լավ բան չկա: Նախորդ 28 տարվա փորձը ցույց տվեց, որ դա չի աշխատում, ոչ մի պետություն չի ճանաչել, իսկ դրա փոխարեն՝ մենք ունենք լարվածություն: Մեզ մոտ տեղի է ունեցել երկու էլիտաների ձևավորում, և ոչ միշտ է, որ այդ էլիտաների շահերը համընկնում են, իսկ դրա պատճառով կարող է տեղի ունենալ Ստեփանակերտի և Երևանի դիմակայում, իսկ սրա լուծումը միասնությունն է: Հայաստանն ու Արցախը միասնական են: Վերջին դեպքերը հիշենք: Ովքե՞ր Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրեցին. Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Իրենք որ եկել-ներկայացել են, անձը հաստատող ի՞նչ փաստաթուղթ են ներկայացրել: Տվել են ՀՀ քաղաքացիության անձնագիր ու որպես ՀՀ քաղաքացի են կարողացել երաշխավորել, որովհետև օրենքը շատ հստակ ասում է՝ ՀՀ տարածքում վստահություն վայելող անձը կարող է երաշխավոր լինել: Եթե Արցախը Հայաստան չէ, ուրեմն իրենք ՀՀ տարածքում վստահություն չեն վայելում»,- մանրամասնեց Արա Պապյանը:
Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի կոչին, որտեղ ասվում է՝ «Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը։ Մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն, ովքեր ընդունում են այս տարբերակը, մենք պատրաստ ենք բոլորին ընդունել։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն կամ փորձում են կոչեր անել, որ պետք է հեղափոխություն անեն, որ պետք է իշխանափոխություն անեն Արցախում, ես նրանց խորհուրդ կտայի ընդհանրապես ձեռնպահ մնալ և չխառնվել Արցախի ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին», դիվանագետը նկատեց.
«Վիտալի Բալասանյանն ասում է՝ ով Արցախը մարզ է համարում, իրավունք չունի սահմանն անցնել: Բայց ինքը թող մի հատ ձեռքը գրպանը տանի, փողը հանի ու տեսնի՝ ո՞ւմ փողն է, աշխատավարձ ստանալուց հարցնի, թե ո՞վ է իրեն վճարում՝ ՀՀ հարկատուն: ՀՀ բյուջեի 60 և ավելի տոկոսը մենք ենք տալիս, իսկ ռազմականի դեպքում 100 տոկոսով ծախսը ՀՀ-ն է անում: Երկրորդ՝ ես չեմ ընդունում այն ոճը, որ, եթե մեկը քեզ հետ համաձայն չէ, դու պետք է փորձես իրեն ճնշել»:
Անի Կարապետյան