«Դատարանների մուտքերը փակելու այս գործողությունով կարծես թե փորձ է արվում սքողել այն, ինչ կատարվելու է Ղարաբաղում». Աղասի Ենոքյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում քաղաքագետ Աղասի Ենոքյանը երեք հիմնական մեսիջ է տեսել. «Փաշինյանը չի կարողանում վերահսկել դատարանները, չի կարողանում վերահսկել Արցախի իշխանություններին, և երրորդը՝ կա պատերազմի վտանգ, որի ընթացքում, հնարավոր է՝ տարածքներ հանձնեն»։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը մանրամասնեց դիտարկումները՝ նկատելով, որ սահմանադրորեն Նիկոլ Փաշինյանը չպետք է վերահսկի դատարանները և Արցախի իշխանությանը։

«Խնդիրն այն է, որ Արցախի և ՀՀ-ի ղեկավարությունը միշտ ունեցել են նույն ծագումնաբանությունը՝ ղարաբաղյան պայքարը։ Հիմա  Հայաստանում եկել է մի իշխանություն, որի հետ կարծես գենետիկ կապը կտրվել է, և դժվար է լինում համադրել աշխատանքները։ Պետք է փորձել համադրել և չփորձել Արցախի իշխանություններին ենթակա դարձնել Հայաստանի իշխանություններին:

Հաջորդը՝ պատերազմի վտանգը. Պատերազմի վտանգ կա, այն իրական է. մենք տեսնում ենք, Ադրբեջանում մեծ զորավարժություններ են։ Բայց ենթադրություն անել, որ Արցախի ղեկավարությունը կարող է սկսել պատերազմ, կարող է հողեր հանձնել և այդ ամեն ինչում մեղադրել Հայաստանի իշխանություններին, ես սա կարող եմ անհեթեթություն համարել: Այստեղ տրամաբանություն չկա, որ մարդիկ իրենց արյամբ ազատագրված հողերը կարող են զիջել թշնամուն՝ զուտ նրա համար, որպեսզի դրա մեջ մեղադրեն Նիկոլ Փաշինյանին։ Սա լուրջ չէ»։

Անդրադառնալով Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու հայտարարությանը, քաղաքագետը նկատեց, որ այն «շոու» էր.

«Դատարանների մուտքերը փակելու այս գործողությունով, դատական իշխանություններին մեղադրելու գործողություններով կարծես թե փորձ է արվում սքողել այն, ինչ կատարվելու է Ղարաբաղում: Խոսքն Արցախում պատերազմի և այդ պատերազմի ընթացքում հողեր հանձնելու մասին է, և Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ փորձում է իրեն ապահովագրել՝ ասելով, որ դա անելու է Արցախի իշխանությունը, որ իրեն մեղադրի»։

Այս իրավիճակը, ըստ քաղաքագետի, ձեռնտու է ներկա իշխանություններին՝ «որոնք չեն կարողանում հասնել իրական ինչ-որ արդյունքի, որոնք տնտեսության վիճակը շատ ավելի են վատթարացրել, քան նախկինում էր, որոնք սոցիալական ռեալ հարցեր չեն կարողանում լուծել և այսպիսի հեղափոխության հերթական փուլերով փորձում են շեղել ժողովրդի ուշադրությունը, հայտարարել, թե՝ այ, մի հատ էլ նոր թշնամի։ Թշնամիներ են հայտարարում, որովհետև հեղափոխության տրամաբանությունն է դա. Հեղափոխությանը թշնամիներ են պետք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս