«Վերջին օրերին մեր կողմից դիտվող փաստերը վկայում են իշխանության զավթման փորձերի մասին». Ռաուլ Խաջիմբա
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան մայիսի 21-ին հայտարարել է, որ հանրապետության ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները վկայում են իշխանությունը զավթելու փորձերի մասին:
«Ես իմ ելույթում արդեն խոսել եմ ընտրությունները Աբխազիայի Հանրապետության Սահմանադրությամբ որոշված ժամկետում հանգիստ անցկացնելու կարեւորության մասին: Մինչդեռ ընդդիմության գործողությունները սրում են հասարակական-քաղաքական իրադրությունը: Վերջին օրերին մեր կողմից դիտվող փաստերը վկայում են իշխանության զավթման փորձերի մասին, չնայած այն բանին, որ ընդդիմության ղեկավարները փորձում են դրանք բացատրել բարեմիտ դեմոկրատական ձգտումներով: Դիմում եմ ձեզ խնդրանքով՝ չենթարկվել սադրանքներին, ցուցաբերել զսպվածություն, զգոնություն»,-ասված է Աբխազիայի նախագահի ուղերձում, որը զետեղված է նրա կայքում:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա են հայտարարել նախագահի ընտրությունները մինչեւ աշուն հետաձգելուց իշխանությունների հրաժարման պատճառով: Ակցիայի մասնակիցները պահանջում են հետաձգել ընտրությունների օրը, քանի որ ընդդիմությունից նախագահի պաշտոնի հիմնական թեկնածու Ասլան Բժանիան ծանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայում: Նրա հարազատները եւ գործընկերները գտնում են, որ Բժանիային կարող էին թունավորել:
Բողոքները շարունակվում են մայիսի 20-ից: Բնակիչներն անժամկետ ակցիա են հայտարարել եւ ներկայիս նախագահ Ռաուլ Խաջիմբային կոչ են արել դուրս գալու ժողովրդի առջեւ, իսկ այնուհետեւ պահանջել են նրա պաշտոնաթողությունը: «Ամցախարա» կուսակցության քաղաքային բաժանմունքի նախագահ Միզան Զուխբան հայտարարել է, որ երկրում հայտարարվում է անհնազանդության համաքաղաքացիական ակցիա եւ արտակարգ դրություն: Քաղաքային տրանսպորտի աշխատողները միանում են գործադուլին, նաեւ կփակվեն մայրաքաղաք Սուխում տանող կամուրջներն ու ճանապարհները: Աբխազիայի գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորել է պահպանել օրենքը եւ հայտարարել է, որ պետական իշխանության տապալման ցանկացած կոչ եւ անօրինական ակցիաների անցկացումը կենթարկվեն պատասխանատվության:
Ընդդիմության թեկնածու Ասլան Բժանիան արդեն նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության է դրել 2014 թվականին, սակայն տանուլ է տվել հանրապետության ներկայիս ղեկավար Ռաուլ Խաջիմբային: Հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան 2019 թվականի հուլիսի 21-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: