Լիտվայի նախագահը ռեկորդ է սահմանել կաբինետներում իր դիմանկարների թվով
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի դիմանկարները երկրի պետական հաստատություններում ավելի հաճախ են հանդիպում, քան մյուս ժողովրդավարական երկրներում: Այդ մասին, ինչպես հայտնել է LRT հրատարակությունը, հայտարարել է արձանագրությունների եւ էտիկետների գծով փորձագետ Արմինաս Լիդեկան:
Որպես օրինակ է բերվում Լիտվայի ներքին գործերի նախարարությունը, որտեղ կա նախագահի ավելի քան երկու տասնյակ դիմանկար: Երկրի ներքին գործերի նախարար Կարոլիս Վայտկեւիչյուսը հավաստիացնում է, որ դիմանկարները կախված են միայն այն պաշտոնյաների կաբինետներում, որոնք դա ցանկանում են, ինչպես նաեւ այն կարծիքն է հայտնել, որ նախագահի դիմանկարը «պետության խորհրդանիշն է, միասնության որոշակի խորհրդանիշ, հատկապես դիվանագիտական ծառայություններում»:
Ընդ որում՝ նախագահի խորհրդականները դժվարանում են պատասխանել, թե երկրում պետության ղեկավարի ընդամենը քանի դիմանկար կա: Նրանց խոսքով՝ դրանք հնարավոր չէ հաշվել, քանի որ դիմանկարներ կան նաեւ դպրոցներում, մունիցիպալիտետներում եւ գրախանութներում: Ինչպես նշում է Արմինաս Լիդեկան, նախագահի դիմանկարի օգտագործումը կանոնակարգված չէ երկրի ոչ մի օրենքով, սակայն այն դարձել է հաստատված քաղաքական սովորույթ:
Բացի այդ, Դալյա Գրիբաուսկայտեի դիմանկարները պետական հաստատություններին տրամադրվում են անվճար: Որպես կանոն Գրիբաուսկայտեի դիմանկարների համար օգտագործվում է ֆոտոնկարիչ Թոմաս Կաունեցկուսի լուսանկարը, որը Լիտվայի նախագահի առաջին դիմանկարն արել է նրա ընտրվելուց հետո: Դալյա Գրիբաուսկայտեն Լիտվայի Հանրապետությունը գլխավորում է 2009 թվականից: 2014 թվականին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով, որը լրանում Է 2019 թվականին: Մայիսի 12-ին Լիտվայում անցկացվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը:
Դրա արդյունքներով՝ երկրորդ փուլ են անցել անկախ թեկնածու տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան եւ «Հայրենիքի միասնություն. Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցությունից թեկնածու, երկրի ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն: Երկրորդ փուլը կկայանա մայիսի 26-ին՝ Եվրախորհրդարանի ընտրությունների հետ միաժամանակ: