
Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է Բրյուսելում ռուսական հազարավոր շահապաշտպան խմբերի մասին

Լեհաստանում կառավարող «Օրենք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին կարծում է, որ Եվրամիության կենտրոնական մամիններում գործող 30 հազար ազդեցության խմբերի մեծ մասը կապված է Ռուսաստանի հետ: Այդ մասին նա հայտարարել է Gazeta Polska շաբաթաթերթին տված հարցազրույցում, որից մայիսի 21-ին հատվածներ են հրապարակել Լեհաստանի զանգվածային լրատվամիջոցները։
Պատասխանելով Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների արդյունքների վերաբերյալ հարցին՝ Կաչինսկին ասել է, որ Բրյուսելում ռուսական շահապաշտպանությունը շատ ուժեղ է:
«Այդ ազդեցությունն էլ ավելի զգալի կերեւա, երբ մենք դրա մասշտաբները գնահատենք առանձին պետությունների քաղաքականության տեսակետից: Առաջին եւ երկրորդ «Հյուսիսային հոսքերն» իրականացվում են Գերմանիայի հետ համատեղ: Ֆրանսիայի քաղաքականությունը դժվար է հակառուսական համարել»,- նշել է քաղաքական գործիչը:
«Եթե գնահատենք այդ ազդեցությունը եւ Բրյուսելին նայենք որպես Եվրամիության ինչ-որ չափով ինքնավար քաղաքական կենտրոնի, այն (ազդեցությունը) նույնպես շատ նկատելի է: 30 հազար զանազան շահապաշտպան խմբերից, որոնք այսօր գործում են Եվրամիության կենտրոնակայանում, մեծ մասն ունի կա՛մ ուղղակի ռուսական ծագում, կա՛մ կապված է ռուսաստանցիների հետ»,- պնդում է Կաչինսկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: