
Վրաստանում թուրք կողոպտիչները դաժան ծեծի են ենթարկել հային

Թուրքիային աահմանակից Ախալքալաքի շրջանի Կարծախի հայաբնակ գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել ախոռի պահակ Սարգիս Գասպարյանի վրա։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը։ Պահակի խոսքերով՝ նա խոսելիս է եղել հեռախոսով, երբ կողոպտիչները ներխուժել են նրա վագոն-տնակ։
«Կրակեցին շանը, իսկ ինձ հարվածեցին ինքնաձիգի կոթով, ինչ-որ բան ցողեցին վրաս և սկսեցին ձեռքերս կապել, այնուհետև ձեռնաշղթաներ հագցրին, փակեցին բերանս և հեռացան։ Նրանք թուրքերենով էին խոսում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմել է պահակը։
Jnews-ի փոխանցմամբ՝ սահմանապահներին հաջողվել է հետ վերադարձնել գողացված անասունները նախքան ավազակները կհատեին Թուրքիայի սահմանը, սակայն կողոպտիչներից 4-ը կարողացել են փախչել։
Ինչպես նշվում է, սա Վրաստանի սահմանամերձ գյուղերում անասունների գողության առաջին դեպքը չէ, և բոլոր դեպքերում էլ անասուններին անցկացրել են Թուրքիա։
Վրաստանի ՆԳՆ-ում փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։