Բաժիններ՝

«Անպայման կպահանջեմ, որ հրապարակվեն Կասկադի տարածքի տեսախցիկների ձայնագրությունները՝ պարզելու համար, թե ով ու ինչպես է հարձակվել». Արթուր Դանիելյան

Armlur.am-ը երեկ տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ երեկոյան մի խումբ անձինք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։

Փորձել են  այս տեղեկությունը ճշտել Իսպիրյանից, որն էլ իրենց  հետ զրույցում չի հերքել, որ միջադեպ է տեղի ունեցել ու մասնավորապես ասել էր. «Կասկադում ռեստորանում նստած էի, 20 հոգով եկան։ Մեկին ճանաչեցի` Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում։ Երեխաների հետ նստած էի, մոտեցավ ինձ ասաց` բախտդ բերեց էրեխեքի հետ ես նստած։ Ես էլ հարցրի` ի՞նչ կլիներ որ մենակ լինեի, ասաց` կլիներ,կտեսնեիր։ Ուրիշ բան չի եղել` կռիվ, հայհոյանք։ Ինչ իրավունք ունեն նման բան անելու, երբ ես նստած էի էրեխաների հետ, 20 հոգով սև շորերով մոտենան, հարձակվեն ու տենց արտահայտություններ անեն։ Էդ ի՞նչ պիտի անեին ինձ, որ մենակ լինեի։ Ինչ մի իրենց ազատ են զգում էս քաղաքում»:

168.am-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել «Ադեկվադ» հաղորդաշարի համահեղինակ Արթուր Դանիելյանից:

Վերջինս կտրականապես հերքեց Արթուր Իսպիրյանի խոսքերն ու շեշտեց, որ առհասարակ որևէ միջադեպ տեղի չի ունեցել:

«Նման բան տեղի չի ունեցել: Ես երեկ Կասկադով անցնելիս եմ եղել, ընկերներիս հետ ընթրել եմ, Արթուր Իսպիրյանը դրսում նստած էր, ժպտում էր, որևէ խոսակցություն չի եղել. ընդամենն անցել եմ այդ հատվածով: Ընդ որում, կարծեմ Արթուր Իսպիրյանի կինը` Մադլենը, Կասկադում պաշտոնավարում է, եթե նման բան լիներ, ձայնագրությունները միանգամից կհրապարակվեին»,-ասաց Արթուր Դանիելյանը` հավելելով, որ ինքն անպայման կպահանջի, որ հրապարակվեն տարածքի տեսախցիկների ձայնագրությունները, թե ով ու ինչպես է հարձակվել:

Նա նշեց նաև, որ եթե նման բան լիներ, Արթուր Իսպիրյանը դժվար թե հրաժարվեր ոստիկանություն դիմելու մտքից:

«Կարծում եմ, սա հերթական իրենց քայլն էր Արթուր Դանիելյանին դեմոնիզացնելու: Ինձ մեղադրում էին Սերժի, Ռոբի վարձկան լինելու մեջ, հետո Ադրբեջանի ագենտ սարքեցին, հիմա էլ սա… Ու ըստ ամենայնի, երեխաների դրվագը սցենարի մեջ մտցրել են, որ Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը մեղմվի, այդքան զարհուրելի չթվա: Փորձում են ասել, թե ոչ միայն մենք ենք երեխաների ներկայությամբ հարձակվում, այլ նաև դուք»,-եզրափակեց «Ադեկվադ» հասարակական կազմակերպության նախագահը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ադեկվադ» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում նյութ էր հրապարակել, որի մեկնաբանության հատվածում Արթուր Դանիելյանը հետևյալ գրառումն էր կատարել. «Ականջներտ կտրել ա պետք տականք, ու գեղավարի» (ուղղագրությունը հեղինակինն է):

Սակայն սա Արթուր Իսպիրյանի միակ խնդրահարույց գրառումը չէ: Ամիսներ առաջ որդեկորույս մոր բողոքի ակցիան լուսաբանող նյութերից մեկի տակ այդ մոր հասցեին նա գրել էր. «Գիժ անտեր», իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի` աշխատանքից ազատման դեմ բողոքող Սամվել Ֆարմանյանի վերաբերյալ նյութի ներքո` «տո սիկտիր եղի այ պուտանկա»:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Արթուր Դանիելյանը 168.am-ին տեղեկացրեց, որ հենց նոր ծանուցում է ստացել ոստիկանություն ներկայանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս