
ԱՄՆ-ը Huawei-ին թույլատրել է ժամանակավորապես վերսկսել իր գործունեությունը երկրում

ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությանը տվել է ժամանակավոր գլխավոր թույլատրագիր, որը վերականգնում է ցանցերի սպասարկում ապահովելու եւ ԱՄՆ-ում օգտագործվող իր շարժական սարքերի համար ծրագրային ապահովում տրամադրելու նրա իրավունքը: Համապատասխան ծանուցագիրն ԱՄՆ-ի առեւտրի նախարարության Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն զետեղել է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական փաստաթղթերի (Դաշնային գրանցամատյանի) կայքում։
«Սույն դրույթը ներկայացնում է 90-օրյա ժամանակավոր գլխավոր թույլատրագիր, որը մասնակիորեն վերականգնում է թույլատրագրման ռեժիմը» Huawei-ի նկատմամբ, նշված է փաստաթղթում:
Այսպիսով, ԱՄՆ-ի իշխանությունները ժամանակավորապես հետաձգել են որոշ առեւտրական սահմանափակումներ, որոնք ավելի վաղ որոշել էին սահմանել ընկերության նկատմամբ: Ըստ որում հետաձգումը չի տարածվի նոր գործարքների վրա, որոնք կնքվել են արդեն սահմանափակումների ուժի մեջ մտնելուց հետո: Դրա նպատակն է՝ պայմաններ ստեղծել, որպեսզի Huawei-ի արդեն գոյություն ունեցող սպասարկյալների աշխատանքը չխախտվի ամերիկյան սեւ ցուցակ չինական ընկերության մտցվելու հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: