«Տեսնենք՝ ինչ տեղի կունենա». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Իրանի իշխանությունների հետ միայն ժամանակ, երբ «նրանք պատրաստ լինեն»: Այս դիրքորոշումը ԱՄՆ-ի ղեկավարը մայիսի 20-ին ներկայացրել է Սպիտակ տան մարգագետնում լրագրողների հետ զրույցում՝ Փենսիլվանիայի նահանգ մեկնելուց առաջ, որտեղ նա ելույթ է ունենալու իր կողմնակիցների առջեւ: Հեռարձակումն իրականացրել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները։
«Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Եթե նրանք զանգահարեն մեզ, ապա մենք, անտարակույս, բանակցություններ կվարենք, բայց դա կախված է նրանցից: Ես միայն ցանկանում եմ, որ նրանք զանգահարեն, եթե պատրաստ են, իսկ եթե նրանք պատրաստ չեն, այդժամ կարիք չկա ինձ անհանգստացնելու»,- ընդգծել է նախագահը: Նա հավելել է, որ ներկայում «Իրանի հետ բանակցություններ չեն անցկացվում»:
Պետության ղեկավարը վերստին նախազգուշացրել է Իրանի իշխանություններին ԱՄՆ-ի նկատմամբ սադրիչ գործողություններից ու սպառնալիքներից, թեպետեւ նշել է Թեհրանի նման գործելակերպի որեւիցե նշանի բացակայությունը:
«Մենք չենք տեսնում այն բանի որեւիցե նշան, որ ինչ-որ բան է տեղի ունենում կամ տեղի կունենա, բայց եթե տեղի ունենա, ապա, անկասկած, կբախվի ահռելի ուժի: Մենք ընտրություն չենք ունենա»,- ասել է Թրամփը: Ինչպես մայիսի 20-ին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առնվազն տասը անգամ իր երկրին առաջարկել է բանակցային գործընթաց սկսել: Սակայն, նրա համոզմամբ՝ «այսօրվա պայմանները հարմար չեն երկխոսություն սկսելու համար»:
Ռոուհանիի խոսքով՝ Իրանն «այժմ ապրում է տնտեսական պատերազմի վիճակում, եւ պայմանները պահանջում են դիմադրություն ցույց տալ գործադրվող ճնշմանը»: Նա հայտարարել է, որ Իրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ այնպիսի բանակցությունների, որոնք նրան կպարտադրվեն ուժով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: