
«Ջոն Ուիք 3»-ն ԱՄՆ-ում և Կանադայում դրամամուտքերով գերազանցել է եզրափակիչ «Վրիժառուներին»

Lions Gate Entertainment ստուդիայի «Ջոն Ուիք» կինոֆիլմի երրորդ մասն անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում եւ Կանադայում դրամամուտքերով գերազանցել է «Վրիժառուներ. եզրափակիչ» կինոնկարին: Այդ մասին գրել է Dow Jones-ը:
«Ջոն Ուիք 3»-ը, որում գլխավոր դերը խաղացել է Քիանու Ռիվզը, 57 մլն դոլար է վաստակել իր դեբյուտային ուիք-Էնդում՝ դառնալով վարձույթի առաջատարը, ինչը ցույց են տվել ստուդիայի նախնական հաշվարկները: Միեւնույն ժամանակ «Վրիժառուների» եզրափակիչ էպիզոդն իր չորրորդ հանգստյան օրերին վարձույթում հավաքել է 29,4 մլն դոլար՝ իջնելով երկրորդ հորիզոնական:
Վարձույթում երրորդ տեղում հաստատվել է «Պոկեմոն: Խուզարկու Պիկաչուն» ֆանտաստիկական ֆիլմը, որն ԱՄՆ-ում եւ Կանադայում հավաքել է 24,8 մլն դոլար:
Չորրորդ տեղն զբաղեցրել է «Շան կյանք 2» կինոնկարը՝ վաստակելով 8 մլն դոլար: Վարձու մարդասպան Ջոն Ուիքի պատմության երրորդ մասի դրամամուտքերը մոտավորապես չորս անգամ գերազանցել են 2014 թվականին թողարկված առաջին ֆիլմի արդյունքները եւ գրեթե կրկնակի գերազանցել երկրորդի դեբյուտային ցուցանիշը, որը ցուցադրվել է 2017 թվականին: Համաշխարհային վարձույթում «Ջոն Ուիք 3» ֆիլմի դրամամուտքերը կազմել են մոտավորապես 92 մլն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: