Դատարանը մերժեց Արմեն Թավադյանի կալանավորման միջնորդությունը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը մերժեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Արմեն Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանի խոսքով՝ Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ, քանի որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունն անհիմն էր:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Տվյալ դեպքում, վարույթը իրականացնող մարմինը, որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը: Բացի այդ, քննիչի կողմից որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը Արմեն Թավադյանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան: