Բաժիններ՝

«Աշխատիր Հայաստան» ծրագիրը կարևոր քայլ է ներառական տնտեսական զարգացում ապահովելու ճանապարհին. Տիգրան Ավինյան

Մայիսի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Աշխատիր Հայաստան» ծրագրի մեկնարկին և Աշխատանքի միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Աշխատանքի միջազգային կազմակերպության հարյուրամյա տարեդարձը՝ փոխվարչապետը նշել է, որ այսօր հայտարարված է կառավարության նոր նշաձողի` տնտեսական հեղափոխության մասին, որի վերջնական արդյունքը լինելու է ներառական տնտեսական համակարգի կայացումը` հիմնված մարդու աշխատանքի և արդյունավետ գործող կառավարման համակարգի վրա:

Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ «Աշխատիր Հայաստան» ծրագիրը կարևոր քայլ է ներառական տնտեսական զարգացում ապահովելու ճանապարհին` հավելելով, որ այս նախաձեռնությամբ կառավարությունը փորձել է սահմանել ռազմավարական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետությունը մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ կենտրոնացնելու է իր ջանքերը` ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում` աշխատանքի և մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով:

Ելնելով այս տեսլականից` ծրագիրը կառուցվել է երեք հենասյուների վրա` մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ պետությունը չափելի և թիրախային քաղաքականություն է իրականացնելու:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում որոշումների կայացումը լինելու է թափանցիկ, գործընթացը` հաշվետու: «Աշխատիր Հայաստան» ծրագիրը պարբերաբար վերանայվելու է` հիմք ընդունելով ծրագրի ընթացքի արդյունավետությունը, փորձագետներից և հանրությունից ստացված արձագանքը:

Ավարտելով ելույթը Տիգրան Ավինյանը նշել է, որ այս համարձակ գործընթացում ակնկալվում է բոլորի ակտիվ մասնակցությունը և նախաձեռնողականությունը, ինչը թույլ կտա հանրային համաձայնության միջոցով ավարտին հասցնել տնտեսական հեղափոխության սահմանած հավակնոտ նպատակը` ներառական տնտեսական զարգացումը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հայնց Քոլլերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Ներկայացվել են «Աշխատիր Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումները, ծրագրի նպատակների իրականացման գործում պետություն-մասնավոր հատված-քաղաքացիական հասարակություն-միջազգային գործընկերներ համագործակցության մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղղված քայլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս