«Լավ կլիներ, որ քննությունն ընթանար՝ առանց նրա նախնական կալանքի». Հայրիկյանը՝ Քոչարյանի մասին
«Դատավարությունը սարսափելի երևույթ չեմ համարում: Սարսափելի, անթույլատելի եմ համարում այն, որ որևէ մարդ դեռևս չդատված՝ կալանքի տակ է: Դա կարող է վերաբերել նույնիսկ ամենածանր հանցագործություն կատարած մարդուն: Բացառություն են այն դեպքերը, երբ հանցագործության մեջ մեղադրվողը կարող է վնասել քննությանը կամ փորձել փախչել: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը կամ մյուսները, ովքեր նախնական կալանքի տակ են, լավ կլիներ, որ քննությունն ընթանար՝ առանց նրանց նախնական կալանքի, մինչև այն պահը, երբ ակնհայտ կլիներ, որ նրանք խանգարում են նախաքննությանը կամ դատաքննությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Ինչ վերաբերում է կոնկրետ մեղադրանքին, Ռ. Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Այնպիսի մեղադրանք է ընտրված, որը լուրջ հիմնավորումներ է պահանջում, որովհետև սահմանադրական կարգը խախտելու մեջ ամենավերջինը կարող է մեղադրվել այդ պահին Սահմանադրության գլխավոր պատասխանատուն: Սակայն, չգիտես ինչու, «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի մասին ոչ մի խոսք չի ասվում: Այն, որ կասկածելիորեն չվճարված գազի պարտքի համար Հայաստանի ունեցվածքի թանկարժեք, ոսկե երակը՝ Սևան-Հրազդան կասկադը, տրվեց Ռուսաստանին, դրա մասին ոչինչ չի ասվում: Այն, որ ՀՀ նախագահը հանկարծ դարձավ սիստեմայի պատասխանատուներից մեկը, դրա մասին էլ չեն խոսում: Սիստեմայի պատասխանատու լինելու համար դու պետք է մեծ ներդրող լինես. այսինքն, ռուսական տնտեսության մեջ ի՞նչ ներդրում կարող էր կատարած լինել Ռոբերտ Քոչարյանը: Այս ամենը, որը կարող է բնութագրվել՝ որպես հայրենական դավաճանության ամենաբարձր մակարդակ, ոչինչ չի ասվում»,- հավելեց Պարույր Հայրիկյանը:
Հավելենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Անի Կարապետյան