Գագիկ Ծառուկյանը հայտնվել է ուշադրության կենտրոնում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր սեփականատեր ու պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնվել է տարբեր ուղղություններով «կրակի տակ»՝ է՛լ մանդատից զրկելու հարցը, է՛լ ցեմենտի խնդիրը, է՛լ գազալցակայանները, է՛լ «Առինջ մոլում» ստուգումները, է՛լ Ծաղկաձորի ճոպանուղու վերաբերյալ օֆշորային բացահայտումներն ու տարիներ շարունակ թույլ տված հարկային չարաշահումները:
Այսօր՝ մայիսի 14-ին, լրանում է տասնօրյա ժամկետը, երբ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում ուսումնասիրվում էին քրեական գործ հարուցելու հիմքերը: ՀՔԾ-ից մեզ տեղեկացրին, որ այսօր արդեն որոշում կկայացվի՝ արդյոք հարուցվո՞ւմ է քրեական գործ, թե՞ ոչ:
ՀՔԾ-ի այս որոշմանն են սպասում նաև Ազգային ժողովում: Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ պատգամավոր Գ.Ծառուկյանի վարքը քննելու նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծել-չստեղծելու մասին որոշում կկայացնեն իրավապահների եզրակացության հիման վրա:
Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ճակատագիրը կորոշվի, թերևս, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներով:
Իսկ ահա գազալցակայաններում Պետական եկամուտների կոմիտեի հայտնաբերած չարաշահումների հետ Ծառուկյանը համաձայն չէ ու «հակահարձակման» է անցել: Նրան պատկանող միանգամից 3 ընկերություններ դիմել են դատարան՝ բողոքարկելով ՊԵԿ-ի որոշումները և պահանջելով անվավեր ճանաչել համալիր հարկային ստուգումների արդյունքում կազմված ակտերը: Թե որքա՞ն գումարի մասին է խոսքը, կողմերը դեռևս չեն հրապարակել: Ընդ որում՝ այդ 3 ընկերությունները՝ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ, «Մուլտի գազ» ՍՊԸ և «Մուլտի Սերվիս» ՍՊԸ, միաժամանակ 5 հայց են ներկայացրել: Դատական առաջինի քննությունը սկսվելու է մայիսի 23-ին:
Ուշագրավ և երկրատև գործընթաց է սպասվում Ծաղկաձորի ճոպանուղու հետ կապված: ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի վերջին հաղորդագրություն էր տարածել, որ մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2004թ. պետության կողմից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին նվիրաբերված Ճոպանուղու վճարած հարկերը 12 տարում՝ 2005-2017թթ., կազմել են ընդհանուր շուրջ 148 մլն ՀՀ դրամ, մինչդեռ միայն 2018թ. վճարվել է շուրջ 240 մլն դրամ հարկ, այսինքն՝ շուրջ 90 մլն դրամով ավելի:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հաշվարկել է, որ թաքցված հասույթը հասնում է գրեթե 2 մլրդ դրամի: Հարկերը չվճարելու արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր առնվազն 476 մլն դրամի վնաս:
Հարուցված քրեական գործն այժմ քննում է ՊԵԿ քննչական վարչությանը:
Պարզվել է նաև՝ ճոպանուղու կառավարիչները գրանցված են եղել օֆշորում, իսկ դրանց ետևում Սեդակ Առուստամյանն է՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարը և Ծառուկյանի ողջ ունեցվածքի կառավարիչը:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «168 Ժամի» հետ զրույցում ճոպանուղու շուրջ կատարվողն անլուրջ որակեց:
«Նախաքննությունն ավարտվում է, իրենցից հարցրեք»,- ասաց Ռոստոմյանը՝ հաստատելով ավելի վաղ հայտնած իր դորքորոշումը:
Ըստ նրա՝ չարաշահումների վերաբերյալ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունները Ծաղկաձորի ճոպանուղին հետ վերցնելու փորձ է:
«Ճոպանուղու անմիջական կառավարումը չի իրականացնում ՀԱՕԿ-ը, այն տրված է մասնավոր կազմակերպության կառավարմանը: Եվ, եթե Կոտայքի մարզպետը ճոպանուղու հետ կապված որևէ թերացում էր նկատել, ապա նա կարող էր պարզապես դիմել տվյալ կազմակերպությանը, և, վստահաբար, խնդիրը անմիջապես կշտկվեր: Այլապես այն, ինչ այժմ պատրաստվում է անել Կոտայքի մարզպետը, դա ուղղակի փորձ է՝ պետական մարմնի կողմից որոշակի ազդեցություն և միջամտություն ունենալ ՀԱՕԿ-ի՝ որպես հասարակական կազմակերպության բնականոն գործունեության վրա: Այս տարիների ընթացքում պրն Ծառուկյանի կողմից ահռելի ներդրումներ են կատարվել, որպեսզի Ծաղկաձորի ճոպանուղին գործի միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով և՛ հայաստանցի, և՛ իրենց մարզումները Ծաղկաձորում անցկացնող միջազգային մարզիկների, և թե՛ զբոսաշրջիկների անվտանգությունը»,- ասել էր Ռոստոմյանը:
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, սակայն, բացառում է սեփականության որևէ վերաբաշխում:
«Սեփականության վերաբաշխում այն ձևով, որ պատկերցնում են շատ շատերը, չի լինելու: Երբեք: Բայց եթե որևէ սեփականատեր, որևէ գործարար իրեն տված հնարավորությունները ճիշտ չի օգտագործում, թույլ է տալիս չարաշահումներ, ապա այդ կառույցները կարող են պետականացվել: Դա չի նշանակում՝ սեփականության վերաբաշխում, այլ՝ տնտեսության ճիշտ կառավարում է և, եթե առկա են ճշգրտումներ, որ տարիներ ի վեր ճոպանուղու կառավարիչներն ու սեփականատերը ստացել են հսկայական եկամուտներ, բայց պետությանը չնչին գումարներ վճարել, ապա կա՛մ պետք է պետության կորուստները վերականգնվեն, կամ պետք է պետականացվի»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հ.Աղազարյանը հերքեց, որ Ծառուկյանի դեմ բոլոր կողմերից «հարձակում» է սկսվել: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՔԾ-ն հանցակազմ չի գտնի և քրեական գործ չի հարուցի, հետևաբար՝ ԱԺ-ում էլ չենք կարողանա քննարկման առարկա դարձնել Ծառուկյանի գործը. «Մենք բոլորս գիտենք, որ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, բայց նա իր գործունեությունը պետք է ծավալի այնպես, որ օրենքի առաջ խնդիր չլինի: Կարծում եմ՝ 4 տարի հետո ընտրությունների ժամանակ ընտրողը պետք է որոշի՝ նման քաղաքական գործիչների մուտքը խորհրդարան թույլատրի՞, թե՞ ոչ»: