Բաժիններ՝

Ճապոնիայի պետական պարտքը գերազանցել է 10 տրլն դոլարը

Ճապոնիայի պետական պարտքը 2018 ֆինանսական տարվա վերջի (2019 թվականի մարտի 31) դրությամբ կազմել է գրեթե 1103,4 տրլն իեն (ավելի քան 10 տրլն դոլար): Այդ մասին ասված է երկրի ֆինանսների նախարարության՝ մայիսի 10-ին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ճապոնիայի պետական պարտքի գումարը, այդ կապակցությամբ նշում Է NHK հեռուստաալիքը, հասել է երկրի ողջ պատմության ընթացքում ամենամեծ չափերին: Այն նախորդ ֆինանսական տարվա վերջին օրվանից աճել է գրեթե 141 մլրդ դոլարով: Պետական պարտքն ավելի քան կրկնակի գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափը:

Դա ամենավատ ցուցանիշն է «Յոթի խմբի» անդամների շարքում, որի մեջ մտնում են նաեւ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Ճապոնիայի պետական պարտքի մեծանալու գլխավոր պատճառը սոցիալական կարիքների համար բյուջետային հատկացումների ավելացումն է բնակչության անշեղ ծերացման կապակցությամբ:

Ներկայում 65-ից բարձր տարիքի անձինք կազմում են Ճապոնիայի բնակչության արդեն ավելի քան 28 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս