Բաժիններ՝

«Մարդկանց ագրեսիայի պատճառներից մեկն այն է, որ կա անորոշություն, իսկ մեր ապագան որոշակի չէ». Հոգեբան

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անցել է մեկ տարի, և հասարակության մի որոշ հատված ժամանակ առ ժամանակ իր դժգոհությունն է արտահայտում առ այն, որ նոր իշխանությունները չեն կատարում իրենց խոստումները, մինչդեռ իրենք շաբաթներ շարունակ գիշերում էին փողոցում և սատարում ներկայիս իշխանություններին՝ լավ ապագա ունենալու սպասումով։ Իշխանություններից դժգոհողներին հաճախ անվանում են հակահեղափոխական, ինչի պատճառով վերջիններս հաճախ խուսափում են բարձրաձայնել անարդարությունների և վատ երևույթների մասին՝ միաժամանակ նշելով, որ մինչև մարդկանց շրջանում հեղափոխության էյֆորիան անցնի, գուցե շատ հարցեր այլևս հնարավոր չլինի շտկել։

Իշխանափոխությունից հետո մարդկանց հոգեբանական ընդհանուր վիճակի, սպասումների վերաբերյալ 168.am-ը զրուցեց Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ։

– Պարոն Գասպարյան, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հասարակության հոգեբանական ընդհանուր վիճակն ինչպե՞ս կգնահատեք, ինչպե՞ս էր մեկ տարի առաջ և այսօր։

– Մենք գիտական հետազոտություն չենք արել, իմ ընդհանուր տպավորությունը կարող եմ ասել։ Մենք «նորալուսնի փուլ» ենք ասում այն շրջանին, երբ ոգևորությունն աստիճանական աճ է արձանագրում, ինչպես լուսինն է աստիճանաբար մեծանում. Եթե համեմատենք լուսնի հետ, լույսը շատանում և դառնում է լիալուսին։ Հետհեղափոխական շրջանում ժողովուրդը համոզվեց, որ, երբ ոտքի է կանգնում, ցանկության դեպքում կարող է համատեղ ջանքերով փոփոխություններ անել։ Բայց հայտնի է, որ գալիս է նաև երկրորդ՝ հուսահատությունների փուլը։

Էյֆորիան սովորականից բարձր տրամադրության դրսևորման ձև է, որը, ճիշտ է՝ հիվանդագին չէ, բայց կարող է բերել հիվանդագին հետևանքների։ Կարծում եմ՝ այսօր ժողովուրդը դեռ պատրաստակամ է համբերել ու շարունակել սպասել։ Բայց արդեն նկատվում են որոշ տրամադրություններ, որտեղ կան հուսահատության տարրեր, իմ տպավորությամբ՝ մեծամասնությունը դեռևս պատրաստ է հանդուրժել և սպասել։ Քանի որ հետազոտություն չունենք, այդ պատճառով էլ սա շատ սուբյեկտիվ կարծիք է։

– Եթե հասարակության սպասելիքներն այս հեղափոխությունից չարդարանան, հուսահատություն կտիրի՞, թե՞ պայքարելու և Ձեր նշած համախմբվելու ոգին ավելի կամրապնդվի։

– Եթե մենք կրկին մտնենք հուսահատության փուլ, այդ ժամանակ պատկերացնում եմ մի քանի հնարավոր տարբերակներ։ Առաջինը՝ ժողովրդի մոտ կառաջանա անտարբերություն, որ, միևնույն է՝ ոչինչ չեն կարողանալու փոխել, երկրորդ՝ որոշների մոտ կարող է ավելի ընդգծվել ընդվզելու և փոփոխության գնալու ձգտումը, քանի որ մեկ անգամ փորձը ցույց է տվել, որ կարելի է իրականացնել փոփոխություններ։

Մենք այսպես կարող ենք երեք տարբեր շերտերի բաժանել, երբ մի մասը ո՛չ այս կողմ է, ո՛չ այն, երբեմն ակտիվ է, երբեմն՝ պասիվ։ Քանի որ մենք ապրում ենք մի այնպիսի հանրույթում, որտեղ չափից ավելի քաղաքականացված է մեր հասարակությունը, և, օրինակ՝ վստահ եմ, որ այլ երկրներում, որտեղ երեխան սովորում է առաջին կամ երկրորդ դասարանում, այդքան քաղաքական գործիչների չեն ճանաչում, որքան Հայաստանում։ Երեխաներն այս ամենը դրսևորում են իրենց խաղի ընթացքում, սա խոսում է այն մասին, որ նույնիսկ այդ տարիքում չկա մշակույթը, որ քաղաքականությունը մեծերի խնդիր է և երեխաների համար չէ, երևի պետք էլ չէ նրանց զերծ պահել այդ ամենից, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր մշակույթը։

Մեր կենցաղային պայմաններն այնպիսին են, որ երեխաները մեծամասամբ չունեն առանձին սենյակ, խաղասենյակ, ուստի նրանք չափազանց ներգրավված են մեծերի կյանքի, հեռուստատեսային ծրագրերի մեջ։ Մեր չափից ավելի քաղաքականացված երեխաներն այսօր սպասում են այն հիմնական ուղղորդումներին, որոնք մենք՝ որպես հասարակություն, ընտանիք, պետք է նրանց փոխանցենք։

Նրանց փոխանցած մեսիջը շատ կարևոր է, թե նրանք ինչպիսին կմեծանան։ Եթե մենք իսկապես փորձենք կրթել ու դաստիարակել պետականություն հարգող երիտասարդ նոր սերունդ, ապա նրանք վաղը կդառնան մեր պետության ամենագլխավոր երաշխիքները և կարող են իրագործել անհնարինը։ Եթե այս փուլում, որտեղ մենք դեռևս կարծես գտնվում ենք միջանկյալ վիճակում՝ մի դեպքում՝ չափից ավելի նյութապաշտական և կոռումպացված սիստեմից փորձում ենք անցնել ավելի ժողովրդավարական և քիչ կոռումպացված համակարգի, դրանից մեծամասամբ կախված է նոր սերնդի վերաբերմունքը դեպի պետությունն ու պետականությունը։ Հաճախ մեզանում կա այն թյուրիմացությունը, որ հայրենիքն ու իշխանությունը նույնացնում ենք, ինչն իրականում այդպես չէ։

– Հեղափոխությունից հետո հատկապես սոցիալական ցանցերում միմյանց վիրավորելու ու պիտակավորելու մեծ արշավ է սկսվել, այս ամենն ինչի՞ հետևանք է։

– Համակարգչի առջև նստած, հատկապես, եթե դրանք կեղծ անունների տակ հանդես եկող օգտատերեր են, կարող են իրենց թույլ տալ նույնիսկ անթույլատրելին՝ մտածելով, որ, միևնույն է՝ իրենց չեն ճանաչում։ Մենք հայտնի չենք՝ որպես կոնֆլիկտային ազգ, մեր կոնֆլիկտներն ավելի շատ պարպում ենք մտերիմների, սիրելիների ու ընտանիքի ներսում, և կարևորելով այլոց կարծիքը՝ դրսում ձգտում ենք ավելի լավ տպավորություն թողնել։ Այնպես որ, իմ կարծիքով՝ այդ ագրեսիայի մեջ կան մի քանի թաքնված աղբյուրներ։ Օրինակ՝ մեկն այն տագնապն է, որը մենք այսօր ապրում ենք ապագայի նկատմամբ: Պետք է խոստովանենք, որ անորոշություն է, կամ մեր ապագան որոշակի չէ։ Ուզում ենք հավատալ, որ գնում ենք լավ ու փայլուն ապագայի ճանապարհով։ Իսկ ցանկացած անորոշություն առաջացնում է տագնապ, ինչն էլ ագրեսիայի հիմնական աղբյուրն է։ Երբեմն մեզ թվում է, որ ագրեսիան ուժեղության դրսևորման ձև է, բայց հոգեբանական տեսանկյունից անորոշությունը, տագնապը, վախը, մեղավորության զգացումն առաջացնում են ագրեսիա։

– Դուք ուսումնասիրություններ էիք իրականացրել հայերի վրա Հայոց ցեղասպանության թողած հետքի վերաբերյալ, այդ ամենը որքանո՞վ է ազդել մեր հանրության հոգեբանության վրա։

– Չեմ կարող ասել, որ մենք ցեղասպանվածի հոգեբանություն ունենք, բայց մեկ հստակ գիծ մեծամասնության մոտ առկա է. մենք ունենք այդ խնդրի լուծման պատասխանատվությունը։ Ավագ սերունդը՝ չկարողանալով Ցեղասպանության հարցը պատշաճ լուծել, այն փոխանցում է հաջորդ սերնդին՝ կիսատ մնացած գործն ավարտելու պատվերով։ Դա կարող է տարբեր ճանապարհներով փոխանցվել. Մեկը՝ լռությամբ, մյուսը՝ Ցեղասպանության թանգարանով, փաստերով, մեկ ուրիշը՝ Վիլսոնի քարտեզի նոր հրատարակումով, և այլն։ Հայոց ցեղասպանության վերքը չսպիանալու գլխավոր պատճառն այն է, որ մեր հարևան պետությունն ավելի ակտիվորեն հերքում է իրականությունը։

– Այսինքն՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հայ ժողովրդի հոգեբանության մեջ կլինի՞ փոփոխություն։

– Այո, երկուստեք ճանաչումը կարող է վերքերի սպիացման և առողջ հոգեբանության հնարավորություն տալ։ Մի կողմից՝ մեզ համար դա կլինի շրջադարձային, քանի որ անընդհատ կառչում ենք անցյալի իրադարձությունից, և տպավորություն է ստեղծվում, որ ինքներս պետք ունենք հավատալու, այսինքն՝ մեզ էլ է պետք ապացույց, որ՝ տեսեք, նման բան եղել է։ Սա ստեղծում է տակտիկական խնդիրներ, ավելի լավ կլիներ, որ մենք առաջնորդվեինք հետևյալ ելակետերից, որ դա պատահել է, և հիմա ի՞նչ է պետք դրանից հետո։ Բազմաթիվ պետություններ ընդունել են Հայոց ցեղասպանությունը, ես քաղաքական գործիչ չեմ, բայց կարծում եմ՝ մեր քաղաքականության մեջ ոչ թե պետք է անընդհատ ապացուցենք, որ նման բան է եղել։

Ցեղասպանության ճանաչումը Թուրքիային դրական փոփոխություն կբերի, որովհետև դրանից հետո Թուրքիան նույնպես կթոթափի իր ուսերի այդ բեռը։ Մենք այսօր թևակոխել ենք Ցեղասպանության խնդրի նոր փուլ՝ սրբադասման արարողությունից հետո, որը տեղի ունեցավ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իսկ սրբերին ոչ թե սգում, այլ երկրպագում ու պաշտում են։ Մենք ո՛չ սրանից կարողացանք օգտվել, ո՛չ Արցախի մեր հաղթանակներից, որպեսզի մեր հաղթանակը փոխանցենք հայության խնդիրներով մտահոգ մարդկանց:

– Պարոն Գասպարյան, օրերս մեծ աղմուկ բարձրացրեց 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված  «Իմ մարմինն անձնական է» գիրքը, որը երեխաների սեռական դաստիարակության մասին է։ Ձեր կարծիքով՝ այդ տարիքի երեխաներին պե՞տք է ընթերցել սեռական դաստիարակության մասին գրքեր։

– Ընդհանրապես նման գրքերի կամ նյութերի անհրաժեշտություն կա, քանի որ մեր ընտանիքներում հաճախ պատրաստ չենք այն խնդիրներին, որի առաջ մենք հայտնվում ենք երեխաների դաստիարակության հարցում։ Այսինքն՝ ունենք համալսարաններ, որտեղ սովորեցնում են տարբեր մասնագիտություններ, բայց որևէ տեղ սիստեմատիկ ձևով չեն սովորեցնում՝ ի՞նչ է նշանակում՝ լինել ծնող, ինչպե՞ս տարբեր թեմաներ մեկնաբանել կամ դաստիարակել երեխային։ Ծնողները պետք է փորձեն լուծել, այլ ոչ թե թաքնվել հարցերի հետևում։ Բայց տեսեք, մեր ազգային լեզվամտածողության մեջ չունենք այնպիսի բառեր, որով կենցաղային խոսակցության մեջ կարող ենք, օրինակ, երեխային բացատրել, թե ինչպես կարող է օգտվել սեռական օրգանների հիգիենիայի կանոններից։

Շատ վտանգավոր է նման բաներն այլ մշակույթից վերցնել, թարգմանելը։ Տեսա, որ այդ գրքում գրված է, որ հեղինակները ոգեշնչվել են այսինչ գրքից։ Դա նույնն է, որ մենք ինտելեկտը գնահատող թեստը, որը ստեղծվել է, ասենք, Անգլիայում, վերցնենք ու գնահատենք հայ մարդու ինտելեկտն անգլիական չափորոշիչով։ Կան շատ հայտնի կլինիկական գործիքներ, որոնցից մի քանիսն ադապտացրել ենք Հայաստանին։

Օրինակ՝ դեպրեսիայի մակարդակը որոշող թեստը պետք է սկզբում թարգմանվի, այնուհետև կրկնակի թարգմանվի, ընդ որում՝ կրկնակի թարգմանությունը պետք է անկախ մարդ թարգմանի, հետո այդ թարգմանությունն ու թեստի բնօրինակը պետք է համեմատվեն։

Այնուհետև բնօրինակն ու թարգմանությունը պետք է ուղարկել հեղինակներին, և դրան պետք է հաջորդի այն, որ թեստն անցկացվի, օրինակ, սկզբում 100 տարբեր տարիքի մարդկանց շրջանում, հետո Հայաստանի համար ստեղծվեն թեստի գնահատման միջին արժեքները, հետո՝ գիտական: Դրանից հետո միայն պետք է համարվի, որ թեստն իրականանալի է Հայաստանում։ Գիրքն ընթերցել եմ, այն, որ ասում են, թե այնտեղ թաքնված է ԼԳԲՏ քարոզ, նման բան չտեսա։

– Ե՞րբ պետք է սկսել երեխայի սեռական դաստիարակությունը։

– Երեխայի սեռական դաստիարակությունը սկսվում է այն ժամանակ, երբ նա տալիս է առաջին հարցը, թե որտեղից է ծնվել։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս