Բաժիններ՝

«3-5 տարեկան երեխային, սեռական օրգանի փոխարեն՝ պետք է սովորեցնենք, թե ինչ բան է Աստված, Սուրբ գիրքը, քրիստոնեական, ազգային աժեքները»

«Հարց է, թե այդ ձեռնարկն ո՞ւմ համար է նախատեսված՝ երեխաների՞, ծնողների՞, թե՞ մասնագետների: Եթե 3-5 տարեկան երեխաների համար է, ապա ես այստեղ վտանգներ եմ տեսնում, որովհետև դա ամենաբարդ,  զգայուն տարիքային հատվածներից մեկն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին՝ ասաց հոգեբան Արմեն Բեջանյանը:

Նրա դիտարկմամբ՝ եթե երեխայի համար հասկանալի չէ տրվող նյութը, բնականաբար, սկսում է ձևավորվել ֆանտազիան:

«Աղճատված այդ պատկերացումները հանգեցնում են խիստ վտանգավոր երևույթների: Ես այստեղ թաքնված գովազդ եմ տեսնում, որովհետև 3-5 տարեկան երեխայի համար այնպիսի հարցեր քննարկել, որոնց մասին ինքը դեռ տեղյակ չէ, ապա ուշադրությունը կենտրոնացնում է տվյալ երևույթի վրա, հետևաբար՝ հակառակ արդյունքը կարող ենք ունենալ»,- հավելեց  հոգեբանը:

Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն էլ խոսելով մանկապղծության դեպքերի մասին՝ նշեց.

«Վիճակագրությունները խիստ հարաբերական են, եթե վերցնենք եվրոպական արժեքները կրող մեր հարևան պետութուններին, իրենց մոտ նման դեպքերն ավելի շատ են լինում, հետևաբար՝ պետք չէ վիճակագրությունը վերցնել՝ որպես հիմք:

Այս ամենը, ինչ արվում է դաստիարակչական քողի տակ, շատ նման է մի պատմության. Երբ չարը գալիս, Եվային է մոտենում և ասում է՝ ինչո՞ւ Աստված ասաց, որ դրախտի ծառի պտուղներից չեք կարող ճաշակել, Եվան՝ միամիտ կին, երկխոսության մեջ է մտնում օձի տեսքով չարի հետ, և ասում՝ ոչ թե բոլոր, այլ այս մեկ ծառի պտուղներից: Հարցնում է՝ ինչո՞ւ, պատասխանում է, որ ուտենք՝ մահկանացու կդառնանք: Ասում է՝ չէ, մահկանացու չեք դառնա, կբացվեն ձեր աչքերն, ու դուք կիմանաք չարն ու բարին: Այսինքն՝ չարն ու բարին  ճանաչելու ճանապարհին Եվան սայթաքեց, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Մեր մենթալիտետի համաձայն՝ այս տարիքից երեխային պետք է ոչ թե սովորեցնենք, թե ինչ բան է սեռական օրգանը, կամ ինչպես պետք է մենք մեզ պաշտպանենք, այլ պետք է սովորեցնենք, թե ինչ բան է Աստված, Սուրբ գիրքը, քրիստոնեական, ազգային աժեքները: Այս ամենը ճանաչելու դեպքում նման երևույթների հետ առճակատման հավանականությունը կտրուկ կպակասի»,- նկատեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս