«Վստահ եմ՝ այն օրինակը, որ մենք ունենք, կդառնա ցանկալի ամբողջ աշխարհում». Սմբատ Լպուտյան
Ծաղկաձորում մեկնարկել է «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:
Մինչ գիտաժողով-համաժողովի մեկնարկը՝ Ծաղկաձորի Գրողների տանը տեղի ունեցան ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի խաղերը։ Ավելի ուշ մեկնարկեց գիտաժողովը, որի բացման հանդիսավոր արարողությանը, ի թիվս այլ հյուրերի՝ ներկա էին ՖԻԴԵ-ի փոխնախագահ Բաշար Քուաթլին, հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր Յուդիթ Պոլգարը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ և գիտաժողովի անցկացման նախաձեռնող Սմբատ Լպուտյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում կարևորեց նման գիտաժողովները՝ նկատելով, որ ծրագիրը, որը տարիներ առաջ ներդրվել է Հայաստանում, կարիք ունի կրկին քննարկվելու, որպեսզի վեր հանվեն խնդիրները և նոր լուծումներ առաջարկվեն։
«Այն, որ ՖԻԴԵ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն այստեղ են, այն, որ բազմաթիվ հյուրեր ունենք աշխարհի տարբեր երկրներից, նշանակում է, որ շախմատը կրթության մեջ կարևորվում է աշխարհի լավագույն կրթական համակարգն ունեցող երկրներում։ Մենք պետք է միշտ հետևենք այն տենդենցներին, որոնք կան աշխարհում՝ ունենալով մեր ուրույն տեղն այդ տենդենցներում»,- ասաց նա։
ՖԻԴԵ-ի՝ «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ Սմբատ Լպուտյանը շնորհակալություն հայտնեց «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր, ըստ նրա, համաշխարհային այն շախմատիստներն են, որոնք ծառայում են շախմատի զարգացմանը։ Լպուտյանը նաև հավելեց, որ կյանքն արագ է փոխվում, ինչի հետևանքով էլ կրթության մեջ լուրջ խնդիրներ են առաջ գալիս։
«Համաժողովին եկել եք շատ հեռու վայրերից, կարելի է ասել, որ դուք ձեր երկրների առաքյալներն եք, որոնք գիտակցում են շախմատի կարևորությունը։ Ժամերով քննարկում էինք, որովհետև հասկանում ենք, որ կարևոր է ապագայի համար, կարևոր է շախմատի համար»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այս ոլորտում Հայաստանն առաջատար է, ինչն էլ, ըստ նրա, պարտավորեցնող է, քանի որ պետք է ցույց տա լավագույն օրինակը, թե ինչպես լուծել առկա խնդիրները։
Այսօր մեկնարկած գիտաժողովն արդեն երրորդն է «Շախմատը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: Առաջին նմանատիպ միջազգային գիտաժողովը կազմակերպվել էր 2014 թվականին՝ Երևանում: Գիտաժողովը կշարունակվի նաև վաղը։
Շախմատային օլիմպիադան և միջազգային համաժողովը՝ մեկ դիպաշարով
Զարուհի Դիլանյան