
Վրաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի հետ ակտիվորեն համագործակցել Սևւ ծովում. Զուրաբիշվիլի

Վրաստանը ձգտում է այն բանին, որ Սեւ ծովը լինի անվտանգության գոտի, եւ մտադիր է այդ բնագավառում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով լեհական պետության ղեկավար Անջեյ Դուդայի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
«Կարեւոր է այն, որ ՆԱՏՕ-ն մոտենում է Վրաստանին, ձգտում է դեպի Վրաստան: Սեւ ծովը կարեւոր վայր է դարձել, եթե խոսենք անվտանգության ապահովման մասին: Վրաստանը ցանկանում է մեր գործընկերների հետ ամբողջական մասնակցություն ունենալ այդ հարաբերություններին, հոգ տանել, որպեսզի Սեւ ծովը մնա խաղաղության ու անվտանգության գոտի, խուսափել հակամարտություններից»,-ասել է նա:
«Անհնարին ոչինչ չկա: Մենք ամեն ինչ էլ կկարողանանք անել, եթե ցանկանանք»,-ասել է Զուրաբիշվիլին՝ պատասխանելով Եվրամիությանը երկրի անդամակցության հեռանկարների վերաբերյալ հարցին: «Բայց հարկավոր է իրատես լինել: Հարկավոր է հասկանալ, որ Եվրոպան դեռեւս պատրաստ չէ»,-հավելել է պետության ղեկավարը:
«Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է կանգ առնենք: Մեզ հարկավոր է դինամիկա: Մենք պետք է ներկա լինենք բոլոր ձեւաչափերում, որտեղ մեզ կընդունեն, որպեսզի աստիճանաբար ԵՄ մտնենք նախքան այն պահը, երբ (ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ) քաղաքական որոշումը պատրաստ լինի»,-նշել է Վրաստանի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: