Բաժիններ՝

Աշխատանքային օրենսգրքի շուրջ հանրային քննարկումներ կսկսվեն

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում աշխատում է հետևանքների հետ, այսինքն՝ այն քաղաքացիների հետ, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում, համարվել խոցելի խումբ։ Մենք համոզված ենք, որ բացի այս խմբերին աջակցելը՝ պետք է շատ ակտիվ լինենք նաև կանխարգելման աշխատանքներում, այն է՝ ապահովենք քաղաքացիների իրազեկվածությունը իրենց իրավունքների, առկա երաշխիքների, պետական ծրագրերի մասին, որպեսզի հեշտությամբ կարողանան օգտվել ծրագրերից»,- պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Կարևորում ենք աշխատանքի խրախուսումը և առկա ծրագրերի մատչելիության ապահովումը, որովհետև այս պահին ևս նախարարությունը բազմաթիվ ծրագրեր ունի, որ ուղղված են զբաղվածությանը, այս կամ այն թիրախային խմբերին, բայց դրանց հասանելիությունը և մատչելիությունը բավարար չէ, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել: Կարևորում ենք նաև աշխատանքի իրավունքի իրացման ուղղությամբ քաղաքականության բարելավումը, և արդեն իսկ մայիսին սկսելու ենք Աշխատանքային օրենսգրքի շուրջ հանրային քննարկումները, որպեսզի այս ուղղությամբ համապարփակ առաջարկներ մշակենք»,- նշեց նախարարը։

Նրա փոխանցմամբ՝ խնդիրները շատ են, և բոլոր ուղղություններով աշխատանքը կարևորում են:

«Մի կողմից՝ խնդիր ունենք եղած ծրագրերն ավելի  մատչելի, հասանելի դարձնելու, մարդկանց կյանքը հեշտացնելու, և մյուս կողմից՝ ունենք քաղաքականություններն ամբողջությամբ վերանայելու, նոր մոտեցումներ որդեգրելու սկզբունք:

Կարևոր է երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը: Շատ կարևոր է այդ ինստիտուտների լուծարման կամ վերակազմավորման գործընթացը, ընտանիքներին աջակցելու սկզբունքը: Մենք չենք խոսում երեխային մանկատնից դուրս բերելու և պարզապես ընտանիքին վեադարձնելու մասին՝  առանց այդ ընտանիքին աջակցություն ցուցաբերելու: Աջակցությունը կարող է լինել տարբեր՝ հոգեբանական, ֆինանսական: Կարևորում ենք նաև միջգերատեսչական համագործակցությունը:

Շատ կարևոր է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը Հայաստանում: Սա ամենալուրջ բացթողումներից մեկն է, որովհետև մարդու կարիքը պետք է սոցաշխատողը իմանա, և հասցեական լինի: Սա է պատճառը, որ այսօր խոսում ենք ոչ հասցեական ծառայությունների, նպաստի համակարգում սխալ ընդգրկված անձանց մասին»,- հավելեց Զարուհի Բաթոյանը:

Ինչ վերաբերում է հաշմանդամ զինծառայողներին աջակցություն ցուցաբերելուն, մասնավորապես՝ պատրաստվո՞ւմ է դիմել զինհաշմանդամության հիմնադրամին երրորդ կարգի հաշմանդամներին ևս ընդգրկելու հարցով, քանի որ հաճախ երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների միջև տարբերությունը շատ քիչ է լինում, Զարուհի Բաթոյանը պատասխանեց.

«Պատրաստվում ենք դիմել, առաջարկություն ներկայացնել հիմնադրամին, եթե խոսքն առողջապահական ծառայությունների մասին է, և, եթե ընդգրկվել են 2-րդ և 3-րդ խմբերի անձինք, ապա երրորդ խումբը ևս պետք է ընդգրկվի: Թյուր կարծիք կա, որ առաջին կամ երկրորդ խումբը շատ ավելի մեծ աջակցության կարիք ունի, իրականում երրորդ խումբը ևս առողջապահական ծառայությունների կարիք ունի, կարիքները տարբեր են: Եթե ընդգրկում ենք, ապա պետք է հաշմանդամություն ունեցող բոլոր զինծառայողներին ընդգրկել, եթե ոչ, պետք է որևէ մեկին չընդգրկել, այլ փոխհատուցել զոհվածների ընտանիքներին»:

Զարուհի Բաթոյանը փոխանցեց, որ առաջիկա տարիների ընթացքում նախատեսում են ավելի փոքր  տների, համայնքային կենտրոնների միջոցով  տարեցներին դուրս բերել խնամքի կենտրոններից և ընդլայնել տնային սպասարկման ծառայությունները:

«Այս իմաստով մրցութային կարգով ծառայությունները պետք է մեծ աշխարհագրություն ունենան, որովհետև,  ցավոք, հիմա դրանք ավելի շատ կենտրոնացած են Երևանում, Վանաձորում, Գյումրիում: Մի քանի ուղղությամբ պետք է աշխատենք: Աշխատանքներ պետք է իրականացնենք, որպեսզի ծառյություններ մատուցենք համայնքում, ընտանիքում, որ պարտադրված չլինեն գնալ և ապրել ծերանոցներում»,-  մանրամասնեց նախարարը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս