ՔՊ-ն նոր ղեկավար կազմ կընտրի հունիսի 15-ին. վարչության անդամի 65 թեկնածու է առաջադրվել
Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընթացքում կայանալիք նոր վարչության ընտրություններում առաջադրվել է 65 թեկնածու, որոնցից 3-ն ինքնաբացարկ են հայտնել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔՊ վարչության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ներկայիս 13 անդամի փոխարեն՝ կուսակցությունը կունենա վարչության 21 անդամ:
«Վարչության անդամների թվի աճը պայմանավորված է կառուցվածքային խնդիրներով: Նախկինում 13 անդամից բաղկացած կազմն օբյեկտիվ լուծում էր առկա խնդիրները, սակայն այժմ տարածքային կառույցներն են շատանում, կուսակցական վերահսկողության գործերն են ավելանում և այդ պատճառով վարչության կազմը մեծացվում է,- ասաց Վ.Հովակիմյանը՝ հավաստելով, որ այդքան մեծ կազմով վարչությունում որոշում կայացնելու գործընթացը չի բարդանա, քանի որ արդեն իսկ այդ գործընթացը բավականին բարդ է,- 13, թե 21՝ էական չէ: Որոշումներն իրապես բուռն քննարկումների արդյունքում են կայացվում և, միևնույն է, մեծամասնությունը պետք է ընդունի: Կյանքը ցույց է տվել, որ ավելի լավ է մի քիչ երկար քննարկել, բայց հասնել կոսենսուսի»:
Առաջադրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայիս վարչության ամբողջ կազմը, բացի Լենա Նազարյանից, գործադիրի կազմը, պատգամավորներ: Վ.Հովակիմյանը նշեց, որ Լ.Նազարյանի չառաջադրվելու պատճառը զբաղվածությունն է ԱԺ-ում: Թե ո՞վ կլինի վարչության նախագահ, ըստ Վ.Հովակիմյանի՝ պարզ կդառնա ընտրությունների արդյունքում: Վարչությունը ներկայիս 2 տարվա փոխարեն՝ ընտրվելու է 3 տարով, ինչը պայմանավորված է կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով:
Վ.Հովակիմյանի խոսքով՝ համաժողովին մասնակցելու են կուսակցության ոչ թե բոլոր անդամները, այլ այն մոտ 500 պատվիրակները, որոնք հատուկ որոշակի չափանիշերով կընտրվեն:
Այժմ, ըստ նրա՝ կազմվում է վարչության անդամի թեկնածուների քարոզարշավի ժամանակացույցը: Բացի վարչությունից՝ ընտրվելու է նաև կուսակցության 30-հոգանոց վերահսկող հանձնաժողովը, որի թեկնածուները նույնպես քարոզարշավ են իրականացնելու այնպես, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, պարզապես կուսակցության պատվիրակների շրջանում:
«Թեկնածուների համար սահմանված է 200 հազար դրամ վճար: Վարչության նախորդ ընտրություններում այդ թիվը 100 հազար էր, բայց հիմա ծախսերն ավելացել են: Այսինքն՝ դա ոչ թե ընտրագրավ է, այլ դրանով հոգում ենք համաժողովի կազմակերպական հարցերը, որպեսզի դա բեռ չլինի անդամավճարներից գոյացող բյուջեի վրա: Ընդ որում՝ գործում է արդարության սկզբունքը՝ առաջադրվելու ժամանակ թեկնածուն վճարում է 50 հազար դրամ, մնացածը՝ քարոզարշավի ընթացքում, քվեաթերթիկների տպագրության փուլում: Եթե թեկնածուն որոշում է ինքնաբացարկ հայտնել, այդ 150 հազարն այլևս չի վճարում»,- ասաց ՔՊ վարչության անդամը:
Վ.Հովակիմյանը տեղեկացրեց նաև, որ անցած շուրջ մեկ տարում ստացել են կուսակցությանն անդամակցելու շուրջ 13-14 հազար դիմում, քննարկել են միայն Երևանի ավագանու և ԱԺ խմբակցությունների անդամների շուրջ 200 դիմումները, իսկ մնացած դիմումները, այդ թվում՝ Հովիկ Ազոյանի դիմումը, կքննարկի վարչության նոր կազմը.
«Եղել են շատ դեպքեր, որ մարդիկ դիմել են ՔՊ-ին անդամակցելու համար, բայց երբ հասկացել են, որ պաշտոնի ձեռքբերման հարցում կուսակցական լինելու հանգամանքը դերակատարություն չունի, հետ են վերցրել իրենց դիմումները: Շատ են դեպքերը, երբ մենք անմիջապես ենք վերադարձրել նման դիմումները՝ զուտ այն պարզ պատճառով, որ դիմողները եղել են մանկավարժներ: Դա մեզ համար սկզբունք է»: