Նախարարությունն Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված բանակցություններին չի մասնակցում
«Մեր նախարարությունն այդ բանակցություններին չի մասնակցում, դրանք մասնավոր քննարկումների առարկա են։ Գիտենք, որ նրանք երկու հավանական զարգացում են ենթադրում, առաջինը՝ գործարանի տեղում հետագայում կառուցել ժամանակակից ձուլարան և այս փուլում՝ որպես կարճաժամկետ խնդիր, պետք է լուծեն կոլեկտիվը պահելու, այդ աշխատատեղերը և մասնագետներին մոտ պահելու հարցը։ Քննարկում են երկու հիմնական սցենար, որևէ նման արտադրություն ունենալ, որը բնապահպանական հետևանքներ չունի՝ սև մետաղից աղացագնդերի արտադրության հնարավորությունն են դիտարկում, մյուս տարբերակը, որ քննարկում են, արդյո՞ք եղած բնապահպանական թույլտվությունների արդյունքում կարող են շարունակել որևէ գործողություն խտանյութերի ձուլման ուղղությամբ, նկատի ունենալով, որ նույն հեռանկարով, որ դա փոխարինվի ժամանակից տեխնոլոգիաներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Ալավերդու պղնձաձուլարանի գործարանին, որն ակտիվ բանակցություններ է իրականացնում չինական ընկերության հետ՝ նոր գործարան կառուցելու համար։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Ալավերդու պղնձնաձուլարանի հետ կապված՝ նախարարությունն իր կարծիքն արտահայտել է, հարցը նախարարության քննարկման առարկան չէ։
«Մեր տեսակետն այն է, որ ցանկացած գործունեություն պետք է լինի իրեն արդարացնող, մինչև չլինի այն հարցի պատասխանը, թե ինչ են անելու մեծաքանակ ծծմբաթթվի հետ, հաջորդ քայլն իրենք չեն կարողանա անել»,- նշեց Տ. Խաչատրյանը։
Զվարթ Խաչատրյան