
Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը

Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը:
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագիրն իրականացվում է 2014թ.-ից:
2019թ. ծրագրով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումներում կանանց ընդգրկմանը:
Ծրագրված միջոցառումները միտված են նաև պաշտպանական համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության խթանմանը, կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև համատեղ աշխատանքներ իրականացնել զինծառայողների երեխաների գերատեսչական խնամքի կենտրոնի ստեղծման հնարավորությունները դիտարկելու վերաբերյալ: