Բաժիններ՝

«Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում դադարեցվել են շինարարական աշխատանքները

ՀՀ մշակույթի նախարարության միջամտության արդյունքում «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում ժամանակավորապես  դադարեցվել են իրականացվող շինարարական աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Ապրիլի 13-ին սոցիալական ցանցերում տարածվեցին տեսանյութեր, որոնցում ներկայացվում էր, որ Ամբերդի տարածքում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Անմիջապես ստուգեցի` արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը: Պարզվեց` այն տարածքը, որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ,  «Ամբերդ ամրոց» արգելոցի պահպանական գոտուց դուրս են:

1986 թվականին կազմված նախագծում տարածը պահպանական գոտում էր, բայց 2013 թվականին, դեռ հայտնի չէ, թե ինչ պատճառներով, այն հանվել է պահպանական գոտուց: Ուստի  ՀՀ մշակույթի նախարարության լիազորություններն այդ տարածքում կրճատվել են»,-պատմեց Գալստյանը:

Փոխնախարարի հավաստիացմամբ` իրենք մի ամբողջական փաթեթով դիմել են Դատախազություն` պարզելու, թե ինչո՞ւ է «Ամբերդ ամրոց» արգելոցի պահպանական գոտին փոխվել:

Նա  ընդգծեց, որ ապրիլի 26-ին հնագետ Հարություն Վանյանի հետ այցելել են Ամբերդ, տեսել որ տարածքում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, կան հնագիտական շերտեր: Նրանք այնտեղ խեցեղեն են գտել, մարդու ոսկորներ:

«Լրագրողների ներկայությամբ կառուցապատողի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, ըստ որի տարածքում  ժամանակավորապես պետք է դադարեցվեն  շինարարական աշխատանքները, որպեսզի այդտեղ հնագիտական  ուսումնասիրություններ կատարվեն և եզրակացություն տրվի»,-նշեց փոխնախարարը:

Գալստյանը տեղեկացրեց, որ կառուցապատողը  Սիրակ Մանուկյանն է, որը մինչև 2018 թվականն աշխատել է որպես Ամբերդ թանգարանի ղեկավար: Նա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանի որդին է:

Տիգրան Գալստյանը շեշտեց, որ նախարարությունն օրենքի սահմանված կարգով է կարող հետամուտ լինել հարցի լուծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս