Ծովում թունավոր գազի արտահոսք են հայտնաբերել Առաջին աշխարհամարտի ռումբերից
Հյուսիսային ծովի ջրերում հայտնաբերել են մանանեխի գազի (իպրտի) արտահոսք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբերից: Այս մասին հաղորդել է Het Laatste Nieuws թերթը: Վնասակար գազագոյացումը գտել են Բելգիայի Կոնկե Հեյստ առողջավայր-քաղաքի մերձակայքում:
Արեւմտյան Ֆլանդրիայի նահանգապետ Ֆիլիպ Դե Բակերը կոչ է արել ծովը մաքրելու ռազմամթերքի «գերեզմանոցից»: Ավելի լավ է դա անել մինչեւ գազի արտահոսքի ընդգրկուն դառնալը»,- ասել է նա:
Նշվում է, որ գտնված բեռի ընդհանուր քաշը գնահատվում է 35 հազար տոննա: 2010 թվականին գերմանացի բնապահպանները Բալթիկ եւ Հյուսիսային ծովերը «դանդաղ մեխանիզմով ռումբեր» են անվանել, որոնք մարդկանց եւ շրջակա միջավայրի համար վտանգ են ներկայացնում Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակների հարյուր հազարավոր տոննա ռազմամթերքի պատճառով:
Փորձագետների տվյալներով՝ այդ ծովերի՝ միայն Գերմանիայի տարածքային ջրերում գտնվում է 400 հազարից մինչեւ 1,3 միլիոն տոննա ռազմամթերք, դրանց թվում՝ թունավոր նյութերով ռումբեր: