«Այն մեծ ծախսեր ու երկար ժամանակ է պահանջում». Կառավարությունը մերժեց Սերգեյ Բագրատյանի ներկայացրած նածագիծը
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված նախագծին:
Պատգամավորն առաջարկում է Ազգային ժողովի նիստերը տարեկան երկու անգամ անցկացնել մարզերից մեկում:
«Գտնում ենք, որ այստեղ կա խնդիր, քանի որ այդ ողջ գործընթացն ապահովելը շատ մեծ ծախսերի ու բարդությունների հետ է կապված», – ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ավելացնելով, որ եթե անհրաժեշտություն լինի, ԱԺ-ն կարող է այդ նիստերն անցկացնել մարզերում, բայց օրենքով ամրագրել այդ դրույթը, անհամաչափ է ու կարող է սպառնալիք հանդիսանալ ԱԺ պատգամավորների անվտանգությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ հանձնաժողովներն անընդհատ կարող են անել արտագնա նիստեր, բայց ամբողջ ԱԺ-ն անի արտագնա նիստ, մեծ ծախսեր ու երկար ժամանակ է պահանջում:
«Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչ կարծիքի են մեր վրաց գործընկերները Ազգային ժողովը Թբիլիսիից Քութայիսի տեղափոխելու մասին, ինչքան ես պատգամավոր եղած ժամանակ շփվել եմ գործընկերների հետ, նրանք ասում են, որ որոշումն այդքան էլ չի արդարացրել իրեն ու բարդություններ է առաջացել», – նշեց վարչապետը: