«Իշխանության մեջ տարբեր ֆրոնտներում կա առճակատում, և ԲՀԿ-ի հետ փոխհրաձգությունը դրա արտացոլումն է». Քաղտեխնոլոգ

«Կարծում եմ՝ «Իմ քայլը» դաշինքում, ընդհանրապես՝ իշխանության մեջ, կան որոշակի հակասություններ, որն առաջացել է ի սկզբանե՝ ուղղակի դա եղել է քողարկված։ Այսինքն՝ քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների թևը, որն իշխանության հիմնական «շահառուն» է, հակասությունների մեջ են։ Այս երկու թևերը տարբեր ծագումնաբանություն ու նպատակներ ունեն և երբեմն էլ՝ տարբեր ֆինանսավորումներ, հատկապես՝ քաղաքացիական հատվածը, նրանց մեջ, ուշ թե շուտ, պետք է լինեին տարաձայնություններ։ Նման տարաձայնություններ կան նաև ԲՀԿ-ի նկատմամբ, ուստի «Իմ քայլի» և ԲՀԿ-ի միջև փոխհրաձգությունը կարելի է դիտարկել այս համատեքստում։ Սա ինչ-որ ընդհանուր ներքին տարաձայնությունների արտացոլումն է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև տեղի ունեցող փոխադարձ հայտարություններին ու մեղադրանքներին։

Որպես օրինակ՝ քաղտեխնոլոգը վկայակոչեց Կառավարության ներկայացրած «Արարատցեմենտի» վերաբերյալ նախագիծը, որի առնչությամբ ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից անհամաձայնություն կար Կառավարության հետ։

«Սա ամենակարևոր նյուանսն է, որին քիչ են ուշադրություն դարձնում։ Կարծում եմ՝ այստեղ կա նաև քաղաքական ենթատեքստ:

Հիշում ենք, որ ամեն ինչ սրվեց այն բանից հետո, երբ տրանսգենդերի հետ կապված պատմություն տեղի ունեցավ, որը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։ Կարծեք թե «Իմ քայլը» մեղադրում էր ԲՀԿ-ին, որն այդ հարցը բարձրաձայնեց անհարմար պահի, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում էր ԵԽԽՎ։ Բայց պետք է հիշենք, որ այս և «Արարատցեմենտի» հետ կապված պատմություններից հետո ԲՀԿ առաջնորդի և վարչապետի միջև հանդիպում տեղի ունեցավ, որից հետո Գագիկ Ծառուկյանն իր գոհունակությունը հայտնեց։

Այստեղ կա քաղաքական ենթատեքստ, բայց մեծամասամբ պայմանավորված է նրանով, որ իշխանություն մեջ մի քանի ֆրոնտում բավականին լուրջ առճակատումներ են տեղի ունենում, այդ թվում՝ ոչ միայն Ծառուկյանի, այլև  Դավիթ Սանասարյանի  քրեական գործի շուրջ։ Հասարակական հատվածը կատաղի կռիվ է տալիս ոչ միայն ԱԱԾ պետի, այլև, եթե սոցիալական ցանցերում նայենք, Նիկոլ Փաշինյանի դեմ»,- շեշտեց քաղտեխնոլոգը։

Հարցին՝ իշխող ուժի կողմից ԲՀԿ-ին քաղաքական դաշտից չեզոքացնելու միտումներ տեսնո՞ւմ եք, քանի որ նման կարծիքներ են հնչում, Վիգեն Հակոբյանը պատասխանեց՝ չի բացառում, որ կան միտումներ ԲՀԿ-ին կամ նրա քաղաքական ամբիցիաներն ինչ-որ չափով սահմանափակելու և որոշակի սահմանափակումների մեջ պահելու համար։

«Բայց ինչ վերաբերում է քաղաքական դաշտից հանելուն, չեմ կարծում, որ նման բան կանեն, քանի որ այսօրվա դրությամբ ԲՀԿ-ն այդ աստիճան չի խանգարում Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ՝ այսօր Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ  ընդդիմադիր դաշտում ունենալ բացահայտ հակառակորդ, որովհետև այն պոտենցիալ ռեսուրսային կուսակցություն է՝ թե՛ մարդաքանակի ու ֆինանսների, թե՛ կառուցվածքի առումով: Այսինքն՝ այն ռեսուրսային քաղաքական ուժ է։

Չեմ կարծում, որ այսօր ԲՀԿ-ն այնպիսի մեծ քաղաքական ամբիցիաներ է դրսևորում, որը կարող է այսօրվա իշխանությունների համար վտանգ պարունակել, որ վերջիններս էլ գնան նրան քաղաքական դաշտից չեզոքացնելուն: Իշխանությունը և անձամբ վարչապետը դրան չի գնա, որովհետև այսօր նրան ձեռնտու է ընդդիմադիր դաշտում ակտիվացնել հենց Գագիկ Ծառուկյանին։

Այսօր իշխանությանն ավելի ձեռնտու է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժին իր մոտ պահել, քան թողնել «ազատ լողալու» մեջ, որովհետև շատ քաղաքական ուժեր կան, որոնք ցանկանում են Գագիկ Ծառուկյանի հետ մտնել ընդհանուր ձևաչափի մեջ։ Ըստ իս, այդ փոխհրաձգությունն առաջիկայում կավարտվի խաղաղ դադարով»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս