«Եղել են հայտարարություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ գործ ունենք շահերի բախման հետ». Ռուբինյանը՝ Ծառուկյանի մասին
Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության վերնախավի՝ խմբակցության ղեկավարի և մշտական հանձնաժողովների նախագահների հանդիպումը:
Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկել են խմբակցության առաջիկա աշխատանքների հետ կապված հարցեր, այդ թվում՝ եղել է անդրադարձ ՔՈ-ի դիմումի վերաբերյալ:
«Դիրքորոշման ձևավորումը խմբակցության տիրույթում է, առաջիկայում տեղի կունենա խմբակցության նիստ, և ըստ այդմ՝ կգանք եզրակացության»,- ասաց Ռ.Ռուբինյանը՝ հավելելով, որ այս պահին դիրքորոշում չկա, և այսօր հայտարարություն չի լինի:
Ռուբինյանի անձնական կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի որոշ հայտարարություններ տարակարծությունների և կասկածների տեղիք են տալիս և արժե, որպեսզի դրանք հստակեցվեն.
«Եղել են հայտարարություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ գործ ունենք շահերի բախման հետ»:
Հարցին՝ մինչև ընտրությունները ձեր մոտ կասկածներ չէի՞ն առաջանում, որ Գ. Ծառուկյանը, պատգամավոր դառնալով, շարունակելու է իր բիզնեսները, Ռուբինյանը պատախանեց. «Իմ մոտ պարբերաբար կասկածներ առաջանում են տարբեր գործընթացների վերաբերյալ, բայց ի վերջո այդ կասկածները բավարար չեն, պետք են փաստեր, պետք է երկկողմանի քննություն»:
Ռուբինյանը նշեց, որ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թղթաբանորեն ունի սեփականություն, որը հանձնել է կառավարման, բայց թե որն է համապատասխանում իրականությանը, Ռուբինյանն իր վրա պատասխանատվություն չվերցրեց առանձնացնել:
Թե ինչպե՞ս է Ծառուկյանը հստակեցում անելու, Ռ.Ռուբինյանը նշեց, որ խմբակցություն հրավիրելու կարիք չկա, Գ. Ծառուկյանի շահերից է բխում հստակեցնել ԱԺ ամբիոնից արված իր հայտարարությունները: