
Թուրքիան ռազմական ծախսերով աշխարհում 15-րդն է

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած զեկույցից հայտնի է դարձել, որ 2018-ին ամենաշատ ռազմական ծախսեր կատարած երկիրը ԱՄՆ-ն է։ Երկրորդ հորիզոնականում Չինաստանն է, այնուհետև՝ Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիան վերոհիշյալ ցանկում 15-րդ տեղն է զբաղեցնում։ Թուրքական բանակի ռազմական ծախսերը 2018-ին կազմել են 19 մլրդ դոլար։
Իսկ ընդհանուր 2018թ. ամբողջ աշխարհում ռազմական ծախսերը հասել են 1 տրիլիոն 822 մլրդ դոլարի, ինչը գերազանցում է 2017-ի ծախսերը։
Ուշագրավ է, որ 2016-ից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը նշյալ ցուցակում չի ընդգրկվել առաջին հնգյակի մեջ։
Զեկույցի համահեղինակներից Նան Թիանը Թուրքիայի վերաբերյալ ասել է. «Թուրքիան աստիճանաբար ավելացնում է ծախսերը ռազմական արդյունաբերության վրա։ Նաև շատ զենք է գնում։ Բացի դրանից Թուրքիան ընդլայնում է Սիրիայի քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները, իսկ այդ ամենը պահանջում է չափից շատ ֆինանսական միջոցներ»։