Շրի Լանկայի իշխանությունները հետևում էին ահաբեկիչներին, բայց նրանց չեն ձերբակալել թույլ ապացույցների պատճառով
Շրի Լանկայի հատուկ ծառայություններն ահաբեկչական գործողությունների կատարողների նկատմամբ հսկողություն են իրականացրել պայթյուններից առաջ: Այդ մասին երկրի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն հայտնել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վարչապետը նշել է, որ իրավապահ մարմինները «բավարար» ապացույցներ չունեին հարձակման ենթադրյալ մասնակիցներին ահաբեկչությունից առաջ կալանքի տակ վերցնելու համար: Նա կրկնել է, որ ահաբեկիչները հասարակության միջին եւ բարձր խավի ներկայացուցիչներ էին, նրանք կրթություն են ստացել արտասահմանում: Վիկրամասինգհեի խոսքով՝ ենթադրյալ ահաբեկիչների անձնական գործերը «զարմանք են առաջացրել»:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում իրականացվել են մի շարք պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվել է 359 մարդ: Գրոհի օբյեկտներ Էին դարձել երկրի մայրաքաղաք Կոլոմբոյի եւ նրա արվարձանների թանկ հյուրանոցները, ինչպես նաեւ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքների եկեղեցիները: Իշխանություններն ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը դրել են «Թաուհիդ ջամաաթ» իսլամիստական խմբավորման վրա:
Մինչդեռ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ավելի վաղ ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի մասին խոսվել է այն մեդիառեսուրսների հաղորդագրություններում, որոնք կապված են իսլամական արմատականների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: