
«Պորոշենկոն ամեն կերպ «ցնցելու է» Զելենսկուն». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին Strana.Ua-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ էր, ինչպես նաեւ հաղորդակից է դարձրել իր պլաններին ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից հետո։
«Նա (Պորոշենկոն) ամեն կերպ «ցնցելու է» Զելենսկուն «…»: Եթե Պորոշենկոն իր նկատմամբ քրեական գործեր չունենա, նա այդ վեհանձնությունը չի գնահատի, փորձով գիտեմ: Պորոշենկոն ցանկացած ազնիվ արարք թուլություն է համարում»,-պատմել է Սահակաշվիլին:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ չի շտապում վերադառնալ Կիեւ: Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ուկրաինական քաղաքացիությունից իրեն դատարանով չեն զրկել, դա եղել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշումը: Այժմ իր գործը պետք է քննի երկրի նոր ղեկավարը:
Սահակաշվիլին նաեւ հայտարարել է, որ ինքը չի ցանկանում քաղաքական պաշտոններ զբաղեցնել, սակայն պատրաստ է խորհուրդներ տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, օրինակ, դասախոսություններ կարդալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: