
Վաշինգտոնը որոշել է չարգելել ԻՀՊԶ-ի հետ համագործակցող մարդկանց մուտքը Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի վարչակազմն ապրիլի 24-ին էական բացառություններ է մտցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) նկատմամբ պատժամիջոցների գործող ռեժիմում: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ձեռնարկել է միջոցներ՝ որոնց շնորհիվ օտարերկրյա կառավարական կառույցների եւ ընկերությունների այն աշխատակիցները, որոնք աշխատել են ԻՀՊԶ-ի եւ դրա հետ կապված կազմակերպությունների հետ, չեն ենթարկվում Միացյալ Նահանգների տարածք մուտքի արգելքին: Այսպես, ծանուցումներից մեկում, որոնք հրապարակված են ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանում, ասված է, որ պատժամիջոցները «չեն վերաբերի օտարերկրյա կառավարությունների նախարարությունների, դեպարտամենտների, գործակալությունների կամ որեւիցե միավորման», եթե միայն դրանց իսկ դեմ արդեն սահանափակող միջոցներ չեն գործում»:
Փոմպեոն իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչելու այդ բացառությունները: ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմն ահաբեկչական կազմակերպությունների ցանկ է մտցրել ապրիլի 16-ին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: