
«Թուրքիայում ուզում են մեր մշակույթը փոշիով ծածկել, թաղել պատմության մեջ, բայց ես փորձում եմ մաքրել այդ փոշին». Ստեփան Եփրեմյան

Երևանում է Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքից ժամանած հայ երգիչ Ստեփան Եփրեմյանը, ով տարիներ շարունակ շրջում է Արևմտյան Հայաստանի տարբեր հայաբնակ վայրերում և տեղի ծպտյալ հայերի համար երգում հայ ազգային երգեր:
«Շատ փոքր տարիքից սկսել եմ զբաղվել երաժշտությամբ: Երաժշտական կրթություն չունեմ, ավարտել եմ Համալսարանի մեքենաշինության բաժինը, ուսումնասիրել եմ հայկական երաժշտությունը: Հայկական ժողովրդական երգերը երգելիս՝ տեսա, որ իմ շրջապատում դրանք լրիվ անծանոթ են, հետևաբար՝ փորձեցի երգերի միջոցով կապել մարդկանց, հասկացնել, թե ինչքան մոտ ենք միմյանց ու նաև, թե ինչքան հեռու ենք:
Ուսումնասիրությունների ընթացքում մեր տարածաշրջանում նվագելու և երգելու ժամանակ ճանաչեցի Կոմիտասին: Նրան ճանաչեցի նաև եկեղեցական շարականների ու ժողովրդական երգերի միջոցով: Իսկ Սայաթ-Նովային ճանաչեցի աշուղական, սիրո երգերի միջոցով: Մենք այնտեղ ամեն օր պայքարում ենք, բայց ես որպես հայ եմ ապրում: Նրանք ուզում են մեր մշակույթը փոշիով ծածկել, ոչնչացնել, թաղել պատմության մեջ, բայց ես փորձում եմ այդ փոշին մաքրել, ինձ ու շատերի համար բացահայտել այն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Եփրեմյանը:
Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ կգա մեկ օր, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, երգիչը պատասխանեց.
«Կարծում եմ, որ չեն ճանաչի ցեղասպանությունը, սակայն չգիտեմ, կարող է նաև հրաշքներ լինեն: Կարծում եմ՝ մինչև ճանաչումը պետք է իրենք ազատվեն ատելությունից»:
Ստեփան Եփրեմյանը հայտնեց, որ անցյալի հետ իրեն ու ընտանիքի մյուս անդամներին կապել է մայրը:
«Շատ բան եմ պարտական հորս ու մորս: Մորս հերոս կարելի է անվանել, որովհետև անցյալի հետ նա է մեզ ծանոթացրել: Պատմել է, թե ինչ է եղել մեր ընտանիքի հետ… »,- հավելեց նա:
Ստեփան Եփրեմյանն ընդգծեց՝ «Ամեն անգամ, երբ գալիս եմ Հայաստան, վերակենդանանում եմ, հողը զգում եմ ոտքերիս տակ: Մեր ամենամեծ հարստությունը հայրենիքն է, մենք սահմաններ չենք գծում, ավելին, մեր հոգիներում սահմաններ չկան»:
Անի Կարապետյան