«Աթեշյանը սկսել է խաղեր խաղալ». թուրքագետը՝ Պոլսի պատրիարքական ընտրությունների մասին
«Աթեշյանն իր կողմնակիցներն ունի. եթե նա ընտրությունները շահի՝ թող ոչ ոք չզարմանա»,- 168.am-ի հետ զրույցում նշում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, ով նաև նկատում է, որ Հայաստանում թյուր է պատկերացումն այնտեղի գործընթացների մասին։ Ըստ թուրքագետի՝ Աթեշյանը վայելում է նաև պետության հովանավորությունը։
Ընտրությունների բուն գործընթացին անդրադառնալով՝ Լոքմագյոզյանը նկատում է, որ Աթեշյանը սկսել է խաղեր խաղալ, մասնավորապես սպառնում է, որ չի մասնակցելու տեղապահի ընտրություններին. դրանով այդ ընտրությունն անվավեր կճանաչվի։
Պոլսո հայոց 85-րդ պատրիարքի ընտրության օրը դեռ հստակ չէ, սակայն, ըստ կարգի, այն պետք է նշանակվի նախկին պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի մահվան քառասունքից հետո: Քառասունքի հոգեհանգստյան պաշտոնն արդեն մատուցվել է։ Առաջիկայում պետք է նշանակվի ընտրության օրը։ Պոլսո պատրիարքի թեկնածուներն այժմ երեքն են՝ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։
ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ