Բաժիններ՝

Ճշտվում է Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր թվիթերյան էջում վշտակցություն է հայտնել Շրի Լանկայում որոտացած պայթյունների զոհերի հարազատներին:

«Մենք վշտով ենք համակված Շրի Լանկայից ստացվող սարսափելի լուրերի առնչությամբ: Հարյուրավոր անմեղ հոգիներ են դաժանաբար կոտորվել այս սրբագույն օրը: Մենք դատապարտում ենք այդ ստորաքարշ հարձակումները և մեր խոր վշտակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-ասված է գրառման մեջ:

ԱԳՆ-ն նաև ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ երկրում Զատկի տոնակատարությունների ժամանակ 8 պայթյուն էր որոտացել: Պայթյուններից 2-ն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից:

Ներկա պահին հաղորդվում է պայթյունների հետևանքով 187 զոհի մասին, կան հարյուրավոր տուժածներ: Բուժհաստատությունների մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ տուժածների համար արյուն հանձնելու:

Շրիլանկացի և օտարերկրյա մի շարք պաշտոնյաներ դատապարտել են կատարվածը՝ այն ահաբեկչական հարձակում որակելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս