Բաժիններ՝

Ինչպե՞ս կարելի է պետբյուջեից 250.000 դոլար հատկացնել որևէ տոնի համար. Տաքսու վարորդները՝ Քաղաքացու օրը նշելու մասին

Ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս տարի այն նշվելու է ապրիլի 27-ին:

Այս օրն անցկացվող միջոցառումների համար Կառավարությունը ապրիլի 18-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 124 միլիոն 146 հազար դրամ հատկացնել:

168.am-ը տաքսու վարորդներից փորձեց պարզել, թե նրանք ինչպե՞ս են անցկացնելու այս օրը և, ընդհանրապես, որպես քաղաքացի, ի՞նչ խնդիրներ ունեն ու ինչպիսի՞ լուծումներ են ակնկալում:

«Սիրով կնշեի քաղաքացու օրը, եթե մեր իրավունքները չշարունակվեին ոտնահարվել: Ինչ-ինչ, բայց մեր ոլորտում դեռ ոչինչ չի փոխվել, դեռ օրենքը չի գործում»,- ասաց անհատ տաքսու վարորդ, 65-ամյա Տիգրան Ավետիսյանը:

«Ամեն մեկը տաքսու նշանը դնում ու դառնում է տաքսու վարորդ: Գորիսից, Սիսիանից, Կապանից, էլ որտեղից ասես՝ եկել են ու Երևանը դարձրել են խոպան: Լիցենզիաները ձեռքներս՝ փող չենք աշխատում: Աչքդ թարթում ես՝ ուղևորին փախցնում են: Քաղաքը չեն ճանաչում, մեքենա վարել չգիտեն: Նստես, ասես՝ տար «Ոսկու շուկա», կտանի Սարի թաղ: Ահա, այսպիսի անպետք վիճակ է, այս սրտով էլ ո՞նց նշեմ Քաղաքացու օրը: Հիմա մտածում եմ մի ուրիշ գործ ձեռնարկելու մասին»,- հավելեց նա:

41-ամյա Տարոնն էլ ասում է՝ Քաղաքացու օրը կնշի, երեխաների հետ կգնան մի տեղ, կխոսեն տարբեր հարցերի շուրջ:

«Ինչպես հայ ազգի մեծամասնությունը, ես նույնպես փողոց եմ փակել, դուրս եմ եկել պայքարի, որ ապրենք ազատ, արդար երկրում: Ես իմ երեխաներին միշտ ասում եմ՝ պետք է լավ քաղաքացի լինեք, մտածեք ձեր երկրի մասին: Բոլորս գնալու ենք այս աշխարհից, իսկ Հայրենիքը մնալու է: Հույս ունեմ, որ այն, ինչի համար պայքարել ենք՝ իրականություն կդառնա: Օրենքը պետք է գերակայի Հայաստանում, որ ինձ նման մարդիկ անօրինականությունից չտուժեն, հույսներն էլ իրավունքն ու օրենքը լինի, ոչ թե գործից հանեն, ասեն՝ գնա, ում ու որտեղ ուզում ես՝ բողոքի, մեկ ա՝ օրենքը մենք ենք, դատավորներն էլ մեր ախպերներն են»,- ասաց նա:

«Մի քիչ նեղված եմ, բայց կնշեմ այդ օրը, տղաներով խորոված ենք պատրաստելու: 18 տարի է՝ տաքսի եմ վարում: Օնլայն տաքսիներն են շատ վնասում մեզ: Մինիմալը 250 դրամ են դնում, էն օրն էլ բերել, գովազդը փակցրել էին պատերին՝ նյարդայնացանք, պատռեցինք, թափեցինք: Խուժանություն է տիրում»,- նշեց 54-ամյա Սոսը:

48-ամյա Տարոնն էլ սիրտ չունի, բայց իրեն հույս տալով՝ կնշի Քաղաքացու օրը: Նա սպասում է՝ տեսնի, թե ի՞նչ միջոցառումներ են լինելու, որ մասնակցի:

«Մարզերից Երևան են գալիս տաքսիները, ու մենք մնում ենք անգործ, էլ չեմ խոսում օնլայն տաքսիների մասին: Ամեն օր ապրանքների գները բարձրանում են, գազը կգ-ով են, չէ՞, վաճառում, լրիվ խաբեություն է: Տեղեր կան՝ անգամ կտրոնները չեն տալիս: Տաքսիստը որ 200 դրամ խաբի՝ գլխից կխփեն: Աշխատում եմ առավոտյան 7-ից մինչև 10-ը, 5000 դրամով գնում եմ տուն: Կարող ա 2000-ով էլ գնամ, չէ՞ որ նաև գազ ենք լցնում: Յուղ չենք կարողանում փոխենք: Հույս ունեմ, որ այս հարցերը կլուծվեն, ու արդեն սրտանց կտոնեմ այս օրը»,- հավելեց վարորդր:

52-ամյա Հայկն էլ նկատեց. «Ազնվություն, մաքրություն եմ ուզում, տեսնենք՝ Նիկոլը կարո՞ղ է կարգավորել: Իր կողքին գտնվող շատ մարդիկ կեղծավորություն են անում, ինքը մտածում է, թե իր կողքին են, բայց իրականում ոտքի տակը քանդողներից են: Ինչ վերաբերում է 124 մլն դրամի շուրջ բարձրացված աղմուկին, էն օրը մեկը լավ էր գրել, ասում է՝ 124 մլն դրամը, որ ասում եք՝ բաժանեն 3 մլն ժողովրդին, գիտե՞ք, որ ամեն մեկին հասնում է 41,3 դրամ: Տան, գոհ կլինե՞ք:

Իմ կարծքով՝ գումարը կարող էին որևէ կարևոր գործի համար հատկացնել, օրինակ՝ տային ծանր հիվանդություն ունեցող մեկ կամ մի քանի երեխայի բուժման համար: Ավելի թեթևացած ու բարի սրտով կնշեինք օրը»:

35-ամյա Հովհաննեսի կարծիքով էլ՝ Քաղաքացու օրը պետք է նշվի, որ բոլորս հիշենք, թե ինչպես պայքարեցինք, բայց ասում է՝ որպեսզի հանգիստ խղճով նշվի օրը, պետք է գոնե ՀՀ բնակչության մեծ մասն աշխատանքով ապահովված լինի, սնունդն էժան լինի, բժշկին դիմելն էլ թանկ հաճույք չլինի:

«Պետական բյուջեում շատ գումար կա՝ թող բանակի վրա ծախսեն: Կեսը՝ ժողովրդի մեջ շփոթ առաջացնելու, կեսն էլ՝ իրենց քաղաքագիտական վերլուծություններն անելիս անընդհատ հայտարարում են, թե պատերազմ է լինելու: Որ պատերազմ լինի, ու զենք քիչ լինի, կամ բանակը անհրաժեշտ սարքավորումներ չունենա՝ ինչպես 2016 թվին, էլ քաղաքացու օրը ո՞րն է: Ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է պետբյուջեից 250.000 դոլար հատկացնել որևէ տոնի համար: Մեր երկրում տարիներով խնդիրներ են կուտակվել, որոնք պետք է լուծվեն: Թոշակառուները քիչ են ստանում գումար, Աստված չանի՝ մարդ հիվանդանա ու ձեռքը գումար չլինի՝ հիվանդանոցներում չեն ընդունում, թողնում են բախտի քմահաճույքին, երիտասարդների մեծ մասը կա՛մ աշխատանք չունի, կա՛մ գրոշներ են ստանում, այս հարցերը պետք է լուծվեն»,- եզրափակեց տաքսու վարորդ 63-ամյա Սիմոնը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս