Կառավարությանը կանգնած է երկընտրանքի առաջ. Կստանա՞ Ծառուկյանն այն, ինչ ուզում է
Կառավարությունը կանգնած է ծանր երկընտրանքի առաջ և առաժմ կարծես չի կարողանում կողմնորոշվել, թե ինչպես դուրս գա իր փորած փոսից։ Խոսքը ցեմենտի շուկայում ի հայտ եկած իրավիճակի մասին է։ Տեղական արտադրողին պաշտպանելու ակնկալիքով` առանց խորը ուսումնասիրության և ծանրակշիռ հիմնավորումների, կառավարությունը շըփ-թըփ անելով՝ հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որը, պարզվեց, հետո լուրջ գլխացավանք է դառնալու բոլորի համար։ Ու հիմա շուկայի մասնակիցները խառնվել են իրար։
Մինչդեռ` սկզբում ամեն ինչ կարծես շատ պարզ էր. կառավարությունը որոշել էր իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և առկա գործիքակազմով պաշտպանել տեղական արտադրողին` պետական տուրք սահմանելով իրանական ցեմենտի, ինչպես նաև՝ հումքի ներմուծման վրա։ Այդ նպատակով առաջարկված օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվեց տոննայի դիմաց 22 հազար դրամով բարձրացնել ցեմենտի և ցեմենտի հումքի ներմուծման գինը։ Թվում էր, թե խնդիրը դրանով կարգավորվում է։
Սակայն պարզվեց՝ այնքան էլ այնպես չէ, ինչքան կարելի էր կարծել։ Ամեն ինչ խառնվեց իրար այն բանից հետո, երբ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովը` շուկայի այլ մասնակիցների շահերը պաշտպանելու նպատակով, որոշեց շեղվել կառավարության գծից և առաջարկեց ցեմենտի արտադրության համար որպես հումք օգտագործվող կլինկերի ներմուծման պետտուրքը չբարձրացնել։ Դրան ի պատասխան՝ «ԱրարատՑեմենտը» հայտարարեց աշխատողներին կրճատելու մասին։
Դա շանտա՞ժ էր, թե՞ իրավիճակից բխող լուծում, այլ հարց է։
Մի բան փաստ է, որ Գագիկ Ծառուկյանը փորձում է արտոնյալ պայմաններ ստանալ տեղական արտադրության ցեմենտի համար, որպեսզի պահպանի իրեն պատկանող ընկերության` «ԱրարատՑեմենտի» մրցունակությունը շուկայում։ Իրենց հերթին՝ շինարարական կազմակերպությունները դժգոհում են ցեմենտի գինն արհեստականորեն բարձրացնելու դեմ։ Նրանց կարծիքով՝ դա կհանգեցնի շինարարության թանկացման և անշարժ գույքի գների բարձրացման, ինչից տուժելու են ոչ միայն՝ շինարարները, այլև՝ բոլոր սպառողները։
Այս պայքարին միացել են նաև ոլորտում գործող այլ ընկերություններ, այդ թվում` «Գաջ» ՓԲԸ-ն, որը Գագիկ Ծառուկյանին մեղադրում է նրա համար, որ պայքարում է ոչ թե՝ ցեմենտի տեղական արտադրությունը զարգացնելու, այլ՝ շուկայում մենաշնորհային դիրքեր գրավելու նպատակով։
«Սկզբում «ԱրարատՑեմենտը» պայքարում էր ցեմենտի ներմուծման դեմ, իսկ հիմա ձգտում է ավելիին. պայքարում է, որ տուրք սահմանվի նաև հումքի համար՝ դրանով իսկ պայքարում է նաև իր մրցակից տեղական այլ արտադրողների դեմ: Կարծում ենք, որ յուրաքանչյուր անաչառ դիտորդի համար պարզ է, որ «ԱրարատՑեմենտ» ընկերության կողմից այս օրերին արված հայտարարություններն ու կատաղի պայքարը հետապնդում են մեկ նպատակ. քաղաքական ու տնտեսական շանտաժի միջոցով հասնել նրան, որ շուկայում «ԱրարատՑեմենտը» չունենա մրցակիցներ։
«ԱրարատՑեմենտը» չի պայքարում ցեմենտի տեղական արտադրությունը զարգացնելու համար, այլ իրականում պայքարում է այնպիսի իրավակարգավորումների հասնելու համար, որը ձեռնտու կլինի միայն իրենց ընկերությանը: Համոզված ենք, որ սրանք չեն այն նպատակները, որոնք դրվել են ցեմենտի ներմուծման համար պետական տուրք սահմանող օրենքի նախագծի հիմքում: Համոզված ենք, որ այդպիսի նպատակները չեն բխում ՀՀ ժողովրդի շահերից:
Անընդունելի է, որ ընկերությունը, որը գերիշխող դիրք ունի ցեմենտի շուկայում, ամեն գնով, այլ ընկերության օրինական շահերի ոտնահարման և պետությունից միայն իրեն պաշտպանող պետական քաղաքականություն ակնկալելու միջոցով փորձում է հասնել մոնոպոլ դիրքերի»,- հայտարարեց «Գաջ» ՓԲԸ-ն` համարելով, որ այս ամենի հետևանքով՝ տեղի են ունենում «մեկ ընկերության կողմից մեկ այլ` անհամեմատ ավելի փոքր ընկերությանը ոչնչացնելու փորձեր»:
Այդպե՞ս է, թե՞ ոչ, դեռ շուտ է ասել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Ազգային ժողովում ինչ տարբերակ կընտրվի։ Թեև, անկախ դրանից` լուծումը, որն առաջարկվում է տեղական ցեմենտի մրցունակությունը շուկայում պահպանելու համար, ամենևին էլ լավագույնը չէ։
Տուժելու է առաջին հերթին՝ սպառողը։ Թանկ ցեմենտն ազդելու է նաև տնտեսության առանձին հատվածների, այդ թվում` շինարարության վրա` կրճատելով սպառողական պահանջարկը։ Ու դեռ մեծ հարց է, թե ո՞րն է այստեղ առաջնայինը` տեղական արտադրո՞ղը, թե՞ սպառողը։
Տեղական արտադրողի շահերը պաշտպանելը, անշուշտ, կարևոր է, բայց դա չպիտի արվի սպառողների ու տնտեսության մյուս հատվածների հաշվին։ Նրանք ամենևին էլ մեղավոր չեն, որ տեղական արտադրողը հայտնվել է այդ վիճակում։ Եվ եթե կառավարությունը նպատակ ունի պաշտպանել իր արտադրողի շահերը, դա պետք է անի ոչ թե՝ ներքին շուկան թանկացնելու, դրանով արհեստական մրցակցային առավելություններ ստեղծելու միջոցով, այլ՝ աշխարհում հայտնի շատ ավելի արդյունավետ և ընդունելի մեխանիզմներ կիրառելու տարբերակով։
Նման դեպքերում սեփական արտադրողին պաշտպանելու լավագույն միջոցը, թերևս, սուբսիդիաների կամ հարկային արտոնությունների տրամադրումն է, ինչը պայմաններ կստեղծի խուսափել նաև գների արհեստական բարձրացումից։ Չի տուժելու ոչ միայն՝ արտադրողը, այլև՝ սպառողը։
Սակայն, որքան էլ կարող է տարօրինակ լինել, կառավարությունը կարծես չի էլ դիտարկում այդ հնարավորությունը։ Իհարկե, դա ենթադրում է ֆինանսական որոշակի կորուստներ, որը ստիպում է խուսափել նման մեխանիզմների կիրառումից։ Չնայած դրա տնտեսական էֆեկտը կարող է անհամեմատ ավելին լինել, քան առաջին հայացքից կարելի է պատկերացնել։
Բայց որքան էլ կարող է տարօրինակ լինել, կառավարությունը մտադիր չէ գնալ այդ տարբերակով։ Ու մինչ մի կողմից՝ խոսում է շինարարության բումի մասին, մյուս կողմից՝ խոչընդոտներ է ստեղծում դրա համար։ Տպավորություն է, որ կառավարությունն ինքն էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է ուզում։
Այս ամենի մեջ մի բան ակնհայտ է, որ հայկական ցեմենտի արտադրությունը լավ օրեր չի ապրում։ Այն պարբերաբար կանգնում է լուրջ խնդիրների առաջ։ Ու որքան էլ տարիներ շարունակ տարբեր մեխանիզմներով փորձ է արվել ներքին արտադրության համար նպաստավոր պայմաններ ապահովել, դրանից իրավիճակը շատ չի փոխվել։
Ընդհակառակը` հայկական ցեմենտը, որը նախկինում բավական մեծ պահանջարկ ուներ արտաքին շուկաներում, կորցրել է իր երբեմնի նշանակությունը։ Այսօր արդեն այն չի կարողանում մրցակցել նույնիսկ ներքին շուկայում, ինչն իսկապես մտահոգվելու տեղիք է տալիս։
Թե ով է այս ամենի մեղավորը, գուցե այնքան էլ կարևոր չէ։ Փաստն այն է, որ հայկական ցեմենտի ապագան վտանգված է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ