
ՈՒԵՖԱ-ն վիզա ստանալու հարցում կաջակցի Հենրիխ Մխիթարյանին, եթե «Արսենալ»-ը դուրս գա Բաքվում կայանալիք ԵԼ խաղարկության եզրափակիչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ադրբեջանի վիզա ստանալու հարցում կստանա ՈՒԵՖԱ-ի լիակատար աջակցությունը, եթե «Արսենալ»-ը կարողանա դուրս գալ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ:
Այս մասին հայտնում է ESPN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նշվում է, որ «Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի խաղարկության ¼ եզրափակիչ փուլում դիմակայում է «Նապոլի»-ին: Լոնդոնում կայացած առաջին խաղում «Արսենալ»-ը 2:0 հաշվով պարտության է մատնել իտալական ակումբին:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Նշվում է, որ եթե «Արսենալ»-ը Եվրոպայի եզրափակչի ուղեգիր նվաճի, ապա «Արսենալ»-ը կանգնելու է Մխիթարյանի՝ Ադրբեջանում խաղալու խնդրի առաջ, քանի որ այդ երկիրն արգելում է Հայաստանի քաղաքացիների մուտքը:
Կայքը հիշեցնում է, որ Հենրիխ Մխիթարյանն անցած տարի դուրս է մնացել «Արսենալ»-ի հայտացուցակից ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի դեմ խաղում, որը կայացել է Բաքվում: Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել նաև 2015 թվականին Բաքվում կայացած «Քաբալա»-«Բորուսիա Դորտմունդ» խաղը, քանի որ գերմանական ակումբը որոշում էր կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով ֆուտբոլիստին Բաքու չտանել: