Մոսկվան փորձում է իր «ձե՞ռքը վերցնել» նախաձեռնությունը. Ի՞նչ հեռանկարներ ունեն հումանիտար բնույթի հայ-ադրբեջանական ծրագրերը

Մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումից հետո նախարարների մակարդակով հանդիպումը երկար սպասեցնել չտվեց։ Չնայած Վիեննայի հանդիպումից հետո ձևավորված տպավորությանը, թե կողմերը բանակցությունները շարունակելու ներկայիս ձևաչափի և սեղանին դրված բանակցային օրակարգի վերաբերյալ լուրջ տարաձայնություններ ունեն, սրանից երկու շաբաթ անց, ինչպես և պատվիրակել էին հակամարտող երկրների ղեկավարները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը նախօրեին հանդիպեցին Մոսկվայում՝ ռուսական նախաձեռնությամբ, առաջին հերթին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ապա ընդլայնված կազմով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, տեղի ունեցավ մտքերի փոխանակում հակամարտության գոտում լարվածության հետագա նվազեցմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև հումանիտար ոլորտում հնարավոր փոխգործակցության շուրջ:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն ևս, որն առավել մանրամասն ու հետաքրքրաշարժ էր։

Ըստ բազմակողմ հայտարարության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին մտադրությունը՝ շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Տարածված տեքստի համաձայն՝ ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: «Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։

Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր նախօրեի հանդիպման հնարավոր օրակարգին։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո համատեղ մարդասիրական նախագծերի իրականացման անհրաժեշտության հայտարարության մասին և անդրադառնալով Ղարաբաղի օդային տարածքը միջազգային ավիաչվերթերի համար բացելու և Սարսանգի ջրամբարի ռեսուրսները երկկողմ օգտագործելու մասին առաջարկներին, նա ասել էր, որ առաջին հերթին՝ այդ նախաձեռնությունը, ինչպես նաև մյուսները պետք է նախ գնահատեն հակամարտության կողմերը, այնուհետև, եթե անհրաժեշտ լինի, այլ երկրների կամ համանախագահների մասնակցությունը, այդ հարցը նույնպես կարող է քննարկվել նաև առաջիկայում Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։

Նշենք նաև, որ մարդասիրական նախաձեռնությունների մասին խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայի հանդիպմանը հաջորդած հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ բանակցություններում հեղափոխություն, բեկում, ճեղքում տեղի չունեցավ։ «Ընդհանուր առմամբ կարևոր եմ համարում այսօրվա հանդիպումը։ Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին, և խոսել այն գործընթացի, մասին, ինչի մասին ես առիթ ունեցա խոսել Ստեփանակերտում և իմ ունեցած ասուլիսի ընթացքում»,- ասել էր Փաշինյանը։ Նա խոսել էր մարդասիրական միջոցառումներից՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Նման միջոցառումներ իրականացնելու ծրագրերի մասին ձևակերպումներ էին տեղ գտել նաև ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդած պաշտոնական մեկնաբանություններում կարևորել էր հատկապես այն փաստը, որ բանակցությունները շարունակվել են նախկին ձևաչափով՝ Հայաստան-Ադրբեջան-համանախագահ՝ առանց Ստեփանակերտի մասնակցության։ Թեև Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետը խոսեց նաև օրերս ԵԽԽՎ ամբիոնից՝ ներկայացնելով բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության նախապատմությունը մինչև 2018 թվականը և պարզաբանելով հարցը, թե ինչու է հատկապես ներկայումս հարկավոր ԼՂ ներկայացուցչի ներկայությունը բանակցություններում։

«168 Ժամը» ԼՂ հակամարտության գոտում և բանակցային գործընթացում տեղի ունեցող զարգացումներին հետևող փորձագետների հետ փորձեց պարզել, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում, երբ կան էական տարաձայնություններ կողմերի միջև կարգավորման հիմքը կազմող հարցերի շուրջ, ինչո՞ւ են նախարարները հանդիպում հենց Մոսկվայում և ի՞նչ արդյունքներ կարող է տալ այդ նախաձեռնությունը։

Ռուսաստանի Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայումս կարելի է պնդել միայն մեկ բան. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը նոր դինամիկա է ստացել։ Ըստ նրա՝ թե ինչպիսին են հնարավորությունները գործընթացը մեռյալ կետից տեղաշարժելու համար, ժամանակը ցույց կտա։

«Կներեք, որ այսպես եմ արտահայտվում, բայց մենք երևի թե պետք է զգուշորեն գնահատենք նման քայլերն ու հանդիպումները, քանի որ մեր աչքերի առջև վերջին տասնամյակի ընթացքում մի քանի փորձ է եղել ամենաբարձր մակարդակով շարժել ԼՂ հակամարտությունը մեռյալ կետից, և մենք տեսել ենք, որ շատ փորձեր ոչ միայն անհաջող են եղել, այլև, փաստորեն, մենք ականատեսն ենք դարձել, որ եղել է նաև գործընթացի սառեցում, 5-օրյա բախումներ շփման գծում։

Ուստի ներկայումս գնահատականներում զգույշ կլինեմ։ Կարծում եմ, որ գնահատականների մասին վաղ է խոսել, բացի նրանից, որ կարող ենք փաստել, որ հերթական փորձը՝ մեռյալ կետից տեղաշարժելու, նախաձեռնվել է հակամարտող կողմերի և երաշխավոր երկրների կողմից, բայց, ցավոք սրտի, դեռ չենք տեսնում բանակցային ձևաչափում ԼՂ ներկայացուցիչներին՝ որպես կողմ և մասնակից։ Այս իմաստով ներկայիս փորձը քիչ է տարբերվում մյուս բոլոր նախկին փորձերից»,- նման կարծիք հայտնեց Մարտինովը։

Ռուս վերլուծաբանը խուսափում է նաև լրջորեն խոսել կարծիքներից, թե Ռուսաստանը փորձում է գործընթացն «իր ձեռքը վերցնել»։ «Ինչպես միշտ, Երևանում շատ են կարծիքները, տարբեր վարկածները, մեկնաբանությունները։ Ես կոչ կանեի լուրջ վերաբերվել այս հարցին և սպասել առավել շատ փաստական տվյալների, արդյունքների, այդ թվում՝ հուսանք, որ կբարձրաձայնվի այն, ինչ տեղի է ունենում առավել մանրամասնորեն»,- ասաց Մարտինովը։

Խոսելով հայ-ադրբեջանական հումանիտար նախագծերի իրականացման կարևորության և այն հարցի մասին, թե դրանք որքանո՞վ կարող են նպաստել բանակցային դրական մթնոլորտի ձևավորմանը, կարգավորմանը՝ Մարտինովն ասաց, որ դրանց իրականացումը միանշանակորեն կնպաստի մթնոլորտի ձևավորմանը։ Սակայն, ըստ նրա, հումանիտար նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը կախված է երկու կողմի քաղաքական կամքից, բավարար քաղաքական կամքից։

«Մենք՝ որպես այս գործընթացի դիտորդներ, առաջիկայում կտեսնենք՝ այդ կամքը կա՞, թե՞ ոչ։ Բնականաբար, նման պրոյեկտների իրականացումը վստահություն կձևավորի հակամարտող կողմերի միջև, կլավանա բանակցային մթնոլորտը։ Եթե լինի քաղաքական կամք, կիրականանան այդ պրոյեկտները, եթե ոչ՝ ոչ։ Մնք կարող ենք միայն հետևել տեղի ունեցողին և սպասել՝ երբ տեղի ունենա ինչ-որ էական փաստ, մենք դա կգնահատենք»,- ասաց ռուս վերլուծաբանը։

Իր հերթին՝ մեկ այլ ռուս վերլուծաբան՝ Վլադիմիր Եվսեևը, ասաց, որ ներդրվում են ջանքեր՝ վերսկսված բանակցային գործընթացը պահպանելու համար, գիտակցելով այն վտանգները, որոնք կան հակամարտության գոտում, և այն պահանջները, ակնկալիքները, որոնք կողմերն ունեն այս գործընթացից։

Ըստ նրա, համանախագահները, կողմերը հասկանում են, որ շփումները դրական հանգամանք են, ուստի փորձում են պահել այդ դինամիկան որոշակի պրոյեկտների մասին քննարկումներով։

«Սակայն մենք տեսնում ենք, որ դրան զուգահեռ՝ կողմերի ակնկալիքներն այս գործընթացից ավելի հստակ և իրատեսական են դառնում վերջին ամիսների ընթացքում, ըստ դրա՝ կայացվում են որոշումներ՝ կոշտացնել հռետորաբանությունը, փոխել ավանդական ռազմավարությունը շփման գծում, սահմանին։ Այսինքն՝ բազմակողմանի աշխատանք է տարվում կողմերի կողմից։ Բայց ես այս ամենում արդյունավետ բանակցությունների վերսկսման համար հիմքեր չեմ տեսնում, քանի որ Ադրբեջանը չի համաձայնելու Ղարաբաղի մասնակցությանը, որի պատճառով էլ գործընթացը չի ընթանալու դեպի առաջ։ Մոսկվան այս ամենում իր ավանդական դերի շրջանակում է, դեմ է պատերազմի վերսկսմանը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս