Կառավարությունն ավելացնում է ներքին պարտքը. Ի՞նչն է ստիպել գնալ այդ քայլին

Ի տարբերություն արտաքին պարտքի, տարեսկզբին կառավարությունն ակտիվորեն ավելացրել է ներքին պարտքը։ Երեք ամսվա ընթացքում այն աճել է 56 մլն դոլարով։

Թե ի՞նչն է ստիպել կառավարությանն ավելի ակտիվ լինել ներքին պարտքի ձևավորման առումով, այս պահին դժվար է միանշանակ ասել։ Ամեն դեպքում այնպես չէ, որ քաղաքական նոր իշխանությունը հրաժարվում է արտաքին վարկային միջոցներից` հույսը դնելով ներքին ռեսուրսների վրա։

Ընդհակառակը` այս տարի նախատեսված է արտաքին պարտքն ավելացնել շուրջ 500 մլն դոլարով։ Բայց դա դեռ ամբողջը չէ։ Ինչպես հայտնի է, կառավարությունն ակնկալում է վերանայել պարտքի սահմանափակումը, որպեսզի հնարավորություն ստանա առաջիկա տարիներին շատ ավելի մեծ քանակությամբ վարկային միջոցներ ներգրավել։

Ներքին պարտքի ակտիվ ավելացումը գուցե տարօրինակ չլիներ, եթե կառավարությունը զրկված լիներ արտաքին միջոցների ներգրավումից։ Բայց այդպես չէ։ Ու, չնայած դրան, նախապատվությունը տրվել է ներքին միջոցներին, որոնք շատ ավելի թանկ փողեր են, և դրանց սպասարկումն անհամեմատ ավելի ծանր է նստում պետական բյուջեի վրա։

Իհարկե, ներքին պարտքն ունի նաև իր առավելությունները։ Դրանցից մեկն էլ այն է, որ սպասարկման գումարները մնում են ներքին տնտեսության մեջ։

Ի տարբերություն ներքինի, կառավարությունը շատ ավելի պասիվ է եղել արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման առումով, որոնք նույնիսկ նվազել են։ Առաջին եռամսյակի ընթացքում երկրի արտաքին պարտքը կրճատվել է 44 մլն դոլարով։

Այս փոփոխություններից հետո Հայաստանի պետական պարտքն ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 934 մլն դոլար։ Երեք ամսում այն ավելացել է 12 մլն դոլարով։

Ակնհայտ է, որ պարտքի աճը դանդաղել է։ Բայց այնպես չէ, որ այդ միտումը նոր է սկսվել։ Պարտքի աճի դանդաղումը նկատվում է դեռևս անցած տարվանից։ 2018թ. ընթացքում այն ավելացավ ընդամենը 148 մլն դոլարով։

Թվում է, թե իշխանափոխությունից հետ վերաբերմունքը պարտքերի ներգրավման առումով կտրուկ փոխվել է։ Սակայն այդպես է միայն առաջին հայացքից։

Պետական պարտքի դանդաղ աճի պատճառը ոչ թե այն է, որ կառավարությունը հրաժարվել է նոր վարկեր վերցնելուց, այլ այն, որ չի կարողացել ժամանակին կատարել վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքները։ Դրանց իրականացումը հետ է մնում` հանգեցնելով պետական պարտքի դանդաղ աճին։ Ու դեռ հարց է, դա լա՞վ է, թե՞ վատ։

Ինչքան էլ վարկային միջոցների ներգրավման սահմանափակումը գուցե թե դրական է անդրադառնում պարտքի ցուցանիշների վրա, այնուհանդերձ այն ունի նաև լուրջ բացասական հետևանքներ։ Արտաքին վարկային միջոցներն անհամեմատ էժան փողեր են, որոնք նպաստավոր ազդեցություն են թողնում տնտեսական գործընթացների և ներքին ակտիվության վրա։

Մյուս կողմից` վարկերի սառեցումն առաջացնում է որոշակի ֆինանսական հետևանքներ։ Նման դեպքերում պետությունը ստիպված է լինում տույժեր վճարել նախատեսված, բայց չօգտագործված գումարների դիմաց։ Թե այս ընթացքում կառավարությունը որքա՞ն գումար է վճարել չօգտագործված վարկերի դիմաց, հայտնի չէ։ Բայց փաստ է, որ պարտավորությունների թերացման հետևանքով Հայաստանը պարբերաբար ստիպված է լինում լրացուցիչ վճարումներ կատարել միջազգային վարկատուներին։

Վարկերի թերօգտագործման խնդիրը նոր չէ, բայց այն սրվել է՝ հատկապես անցած տարվանից։ Արտաքին վարկային միջոցների կատարողականն իշխանափոխությունից հետո չափազանց ցածր է։ Անցած տարի ներգրավվեց բյուջեով նախատեսված արտաքին վարկային միջոցների հազիվ 40 տոկոսը։

Պատկերը նույնն է նաև այս տարվա սկզբին։ Նախատեսված միջոցների ընդամենը 21 տոկոսն է հաջողվել ներգրավվել տարեսկզբի երկու ամիսներին։ Դա նշանակում է, որ այդ գումարներով իրականացվող ծրագրերը, որոնք պիտի նպաստեին նաև ներքին տնտեսական գործընթացների ակտիվացմանը, դանդաղ են առաջ գնում։ Պատճառը, բնականաբար, պետք է փնտրել կառավարության գործունեության մեջ։

Այս իրավիճակն ինչ-որ առումով գուցե թե արդարացված լիներ, եթե կառավարությունը որոշեր հետագայում ևս սահմանափակել վարկերի ներգրավումը։ Բայց նման մտադրություն չկա։ Չնայած Հայաստանի արտաքին պարտքի բարձր մակարդակին, այնուհանդերձ կառավարությունը կշարունակի նոր վարկային միջոցների ներգրավումը։ Ընդ որում, ոչ պակաս ակտիվ, քան նախկինում։

Այս տարի Հայաստանի պետական պարտքի բեռը կավելանա ևս մի քանի հարյուր միլիոն դոլարով։ Եթե հաշվի առնենք, որ 2018թ. վերջին պետական պարտքը կազմում էր ավելի քան 6 մլրդ 922 մլն դոլար, ապա, ըստ նախատեսվածի, 2019թ. այն կանցնի 7,4 մլրդ դոլարից։

Գումարները կներգրավվեն՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին աղբյուրներից։ Պարտքային պարտավորությունների համալրումը կլինի բացառապես կառավարության հաշվին։

Ի տարբերություն վերջինիս, Կենտրոնական բանկը չի նախատեսում պարտքի ավելացում։ Ընդհակառակը` այն նույնիսկ կպակասի։ Մարումների հաշվին ԿԲ պարտքը 550 մլն դոլարից կնվազի՝ ընդհուպ մինչև 500 միլիոնի։

Այդ գործընթացն արդեն սկսվել է. Առաջին եռամսյակում ԿԲ պարտքը նվազել է 5,3 մլն դոլարով։

Պետական պարտքի ակնկալվող աճը կլինի գերազանցապես կառավարության մասով։ Ըստ այդմ, կառավարության պարտքն ընդհուպ կմոտենա 7 մլրդ դոլարի սահմանագծին։ Մինչդեռ, ինչպես հայտնի է, պարտքի ռիսկերը հիմնականում այս հատվածում են։ Կառավարության պարտավորությունները վճարվում են բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին։

Ու որքան էլ ժամանակին մեծ հույս էին կապվում իշխանափոխությունից հետո պարտքը տարբեր աղբյուրների, այդ թվում` թալանված գումարները հետ բերելու հաշվին մաշեցնելու հետ, դա տեղի չի ունենա։ Աներևակայելի խոշոր գումարները, որոնց մասին այդքան խոսվում էր, այդպես էլ տեղ չհասան։ Այնինչ, արդեն հաջորդ տարի Հայաստանը բախվելու է պարտքի սպասարկման բավական ծանր բեռի հետ։ 2020թ. անհրաժեշտ կլինի պարտքի սպասարկման դիմաց վճարել շուրջ 850 մլն դոլար։

Պետական բյուջեի համար մեկ տարում այդպիսի մեծ ծավալի սպասարկումը, անշուշտ, բավական լուրջ ծանրաբեռնվածություն է ենթադրում։ Ուստի որոշ պարտավորություններ մարելու համար կառավարությունը մտադիր է ներգրավել նոր պարտքեր։ Ընդ որում, դիտարկվում է ոչ միայն արտաքին, այլև ներքին ռեսուրսների օգտագործման հնարավորությունը։ Թեև միանշանակ է, որ ներքին միջավայրից ֆինանսական միջոցների արտահոսքն այնքան էլ չի բխում տնտեսության շահերից։

Դա կարող է որոշակի լարվածություն առաջացնել նաև ֆինանսական հատվածում։ Հատկապես որ, մի շարք ուղղություններով նկատվում է տարադրամային մուտքերի նվազում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս