Բաժիններ՝

Զարթոնքում  բնակիչները շարունակում են բողոքի ակցիան՝պահանջում են գյուղապետի և դպրոցի տնօրենի հրաժարականը . Դավիթ Սանասարյանը Զարթոնքում է

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր առավոտից լարված վիճակ է, գյուղացիները փակել են գյուղով անցնող երկաթգծի ճանապարհը և պահանջում են գյուղապետի ու դպրոցի տնօրենի հրաժարականը։ Բողոքի ակցիայի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ, կան բերման ենթարկվածներ։

Այս պահին Զարթոնք գյուղում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա բնակիչներին հորդորեց չգնալ ծայրահեղ քայլերի և թողնել, որպեսզի համապատասխան մարմիններն անեն իրենց գործը։

«Մենք տարբեր չարաշահումներ ենք հայտնաբերել, դրանք փոխանցվելու են Դատախազություն, որը մեր ֆունկցիան է, դա մենք իրականացրել ենք։ Մենք մամուլից տեղեկացանք, որ գյուղում միջադեպ է եղել, վստահ եղեք, որ ոստիկանությունն ակտիվ է, կապի մեջ ենք։ Այս խնդրին հավելյալ ուշադրություն է դարձվում, այնպես չէ, որ մատնված է անուշադրության։ Դուք գրեցիք, ձեր պահանջով մենք եկանք ուսումնասիրություն արեցինք, հիմա գործընթացն իր հունով գնում է, ոստիկանությունից չպետք է պահանջեք գյուղապետի հրաժարականը, մեզանից չպետք է պահանջեք ոստիկանության գործը, ամեն մարմին իր գործն իրականացնում է։

Այն, որ դուք ոտքի կանգնած եք… այո՛, գյուղը ձերն է, և պետք է կոնկրետ պահանջներ դնեք մեր, գյուղապետի, ոստիկանության առաջ, մենք բոլորս ձեր ծառայողներն ենք»,- բնակիչների հետ զրույցում նշեց Դավիթ Սանասարյանը։

Բնակիչներից մեկը Դավիթ Սանսարյանին հորդորեց քայլեր ձեռնարկել, որպեսզի այս ժամանակահատվածում դադարեցվեն գյուղապետի լիազորությունները, սակայն Դ. Սանասարյանը պատասխանեց, որ նման բան իրենք չեն անի, քանի որ գյուղապետն ամեն ինչ տեսնում է և հասկանում։

Դավիթ Սանասարյանը նաև տեղեկացրեց, որ համայնքում գրանցված չարաշահումների մասին կտեղեկացնի իր տեղակալը։

«Շատ մանրամասները չի կարող ասել, քանի որ բաներ կան, որոնք ենթադրում են գաղտնիություն, որոնցով պետք է զբաղվի Դատախազությունը, բայց որոշ խնդիրների մասին անպայման կտեղեկացնի։ Բոլոր հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն»,- ընդգծեց Դ. Սանասարյանը։

«Մենք գյուղապետին հրաժարական չենք պարտադրելու, քանի որ պարտադրողը գյուղացիներն են, ոչ թե մենք։ Նրա հետ կխոսենք, կհասկանանք՝ ինչն ինչոց է»,- ասաց ՊՎԾ պետը։

Բնակիչներից մեկը բողոքեց, որ գյուղապետի դուստրը, որը դպրոցի տնօրենն է, ասել է, թե օրենքն իրենցն է, և ցուցարարների երեխաները չպետք է դպրոց հաճախեն։

Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ որևէ մեկը նման բան ասելու իրավունք չունի։

Նշենք, որ գյուղացիները բողոքեցին նաև Արմավիրի մարզպետից՝ նշելով, որ մի քանի անգամ իրենց մերժել է և գյուղ չի գնացել։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս