«Ազատ արձակեք Ասանժին կամ դուք կվճարեք դրա համար». Anonymous-ի հաքերները Մեծ Բրիտանիայի իշխանություններից պահանջել են՝ ազատել Ասանժին
Anonymous միջազգային խմբից հաքերները Մեծ Բրիտանիայի իշխանություններին եւ աշխարհի տարբեր մասերում նրանց կողմնակիցներին են դիմել ապրիլի 11-ին Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալման առնչությամբ: Այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակված է խմբի պաշտոնական կայքում:
«Ազատ արձակեք Ասանժին կամ դուք կվճարեք դրա համար»,-ասված է Anonymous-ի հայտարարության մեջ:
Ասանժի ձերբակալումը, ինչպես նաեւ WikiLeaks-ի մյուս աշխատակիցների հետապնդումը, ինչպես ընդգծում են հաքերները, վկայում են այն մասին, որ Միացյալ Թագավորության իշխանությունները «ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնի իրենց գաղտնիքները պահպանելու համար»:
Բացի այդ, Ասանժը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «պետության թշնամին է, քանի որ նա մերկացրել է ինչպես ձախերի, այնպես էլ աջերի հանցագործությունները»:
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Ասանժն ինքը Anonymous խմբի ներկայացուցիչներին նախազգուշացրել էր «իր առաջիկա ձերբակալման մասին»:
Anonymous-ի կարծիքով, Ասանժն «իսկական լրագրող է, որը ճիշտն Է ասում իշխանություններին եւ մերկացնում է կոռուպցիան ինչպես ձախերի, այնպես էլ աջերի շրջանում», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: