«Հեղափոխություն տեղի է ունեցել քաղաքական համակարգում, սակայն դատական համակարգում տեղի չի ունեցել»․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում
«Դատական համակարգի հետ կապված խնդիրն ամենահրատապն է մեր Կառավարության համար»,- այս մասին քիչ առաջ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում իր ծավալուն ելույթին հաջորդած հարց-պատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատվիրակի այն հարցին, թե կա՞ն արդյոք Հայաստանում հայցեր քաղաքական գործիչների դեմ, և ի՞նչ վիճակում է ՀՀ-ում դատական համակարգը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատական համակարգի հետ կապված խնդիրն ամենահրատապն է իր ղեկավարած Կառավարության համար, քանի որ հեղափոխություն տեղի է ունեցել քաղաքական համակարգում, սակայն դատական համակարգում տեղի չի ունեցել նման բան։
«Կարող եմ վստահեցնել մի բան, որ ունենալ 100 տոկոսով անկախ դատական համակարգ, որի որոշումներն ու վճիռները վստահելի կլինեն ոչ միայն հայ, այլև միջազգային հանրության համար, առանցքային է մեզ համար։ Անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին պատրաստ ենք գնալ մինչև վերջ, որովհետև հասկանում ենք, որ առանց անառարկելիորեն անկախ դատական համակարգի՝ չենք կարող երաշխավորել մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ և շարունակական ուժեղացումը։ Ունենք այսօր այդպիսի դատական համակարգ, երաշխիք 100 տոկոսով չեմ կարող տալ։
Ես կարող եմ 100 տոկոսով երաշխավորել՝ Կառավարությունը դադարեցրել է այն պրատիկան, երբ դատական համակարգն ուղղորդվում էր Կառավարության կողմից, մենք ամբողջապես հրաժարվել ենք այս գործելակերպից։ Տարօրինակ գուցե հնչի, չունեմ վստահություն 100 տոկոսով, որ գոյություն ունեցած այլ ազդեցության լծակներ չեն պահպանվել, չունեմ համոզվածություն, որ մեր դատական համակարգում կոռուպցիա չկա, քանի որ 10 օր առաջ դատավոր է ձերբակալվել կաշառք ստանալու պահին։ Բայց մենք նվիրված ենք անկախ դատական համակարգ ունենալու օրակարգին»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար արդեն իսկ կան գրանցվածներ, ցուցակը բազմազան է:
«Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնել էր Հովհաննիսյանը:
Նա նաև հայտնեց, որ ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիների հարցերը կանխատեսելի են:
Հարցին, թե ըստ օրակարգի՝ քանի՞ պատվիրակ Նիկոլ Փաշինյանին հարց տալու հնարավորություն կունենա, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը պատասխանել էր, որ դա կախված է ժամանակից. «Պետության ղեկավարներին մեկ ժամ է հատկացված, որի մեջ ներառվում է ելույթը և հարցերը: 15-20 րոպե ելույթի համար կլինի և մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»,- ասել էր նա։